«Փորձաճագարների ենք նմանվում, որոնց վրա ուզում են պատվաստանյութ փորձարկել»:
Պնդման հեղինակը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է:
«ՉԻ». Հետո էլ ասում եք, թե այս երկրում լավ նորություններ չկան: Մի քանի օրից Զոհրաբյանի պաշտոնավարումը կավարտվի, և նա կմտնի մեծ քաղաքականություն: Դրանից կշահի թե՛ փաստաբանությունը, թե՛ քաղաքականությունը:
Փաստաբանական պալատը կազատվի եկեղեցա-առողջապահական ՀԿ-ի իմիջից, իսկ քաղաքականությունը կհամալրվի նոր գույնով: Գևորգ Պետրոսյանի, Խաչիկ Ասրյանի և նմանատիպ այլ կերպարների տեղը պետք է դատարկ չմնա:
Վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն մի քանի հարյուր միլիոն մարդ է պատվաստվել, մոտ օրերս այդ թիվը կհասնի մեկ միլիարդի, բայց Զոհրաբյանին թվում է, թե աշխարհի ուշքն ու միտքը պատվաստանյութերը հատկապես հենց այս երկու միլիոնի վրա փորձարկելն է:
Աշխարհի շատ երկրներում կան կովիդ դիսիդենտներ, բայց նրանցից ոչ մեկը չի զբաղեցնում Փաստաբանների պալատի ղեկավարի պաշտոնը: Աշխարհում փաստաբաններն իրենց անհամեմատ ավելի լուրջ են պահում: Մոտ օրերս Հայաստանը նույնպես կդասվի այդ երկրների շարքին: