...

Գիտե՞ք՝ ինչ է կատարվում պոլիկլինիկաներում

Գիտե՞ք՝ ինչ է կատարվում պոլիկլինիկաներում

Մեր օրերում պատվաստվելու ցանկությունը կարող է վերածվել արկածային թրիլերի: Մեծ հաշվով՝ այն, ինչ այսօր կատարվում է պատվաստման գործընթացի շուրջ, մեր պետության ներկայիս վիճակի մինի-մոդելն է: 

Ներկայացնենք, թե ինչ փորձությունների է ենթարկվում մարդը, երբ համարձակվում է պատվաստվել: 

Վաղ առավոտյան պոլիկլինիկա է մտնում: 8-րդ պոլիկլինիկան: Ցանկանում է չինական պատվաստանյութով պատվաստվել: Դրա համար 2 ժամ հերթ է կանգնում՝ բայց ոչ թե պատվաստվելու, այլ բժշկական քարտը ստանալու համար: Թե ինչի համար է այդ բժշկական քարտը, պարզ չէ: Այդ ընթացքում, մինչև քաղաքացին բարեխիղճ կերպով սպասում է իր հերթին, մի քանի տասնյակ մարդիկ առանց հերթի մտնում են բժիշկների մոտ: 

Քարտը ստանալուց հետո պիտի նորից հերթ կանգնի, որ բժիշկը ինչ-որ թղթեր ստորագրի, դրա հիման վրա արդեն պատվաստվելու իրավունք ստանա:

Հետո սկսվում է այս դժոխքի ամենադժոխային հատվածը: Քաղաքացին ժամուկես հերթ է կանգնում փակ տարածքում, որտեղ ասեղ գցելու տեղ չկա, մեծ մասը՝ առանց դիմակների, համարյա իրար գլխի կանգնած:

Ժամուկես այս դժոխքում սպասելուց հետո բժիշկներին հարցնում է, թե արդյոք չինական պատվաստանյութ կա՞, պատասխանում են՝ չգիտենք, կարող է և չլինի:

Եվ այսպես՝ 5,5 ժամ պոլիկլինիկայում հերթի մեջ խեղդվելուց հետո, պարզելով, որ չինական պատվաստանյութի առկայությունը հավասար է գրեթե զրոյի՝ քաղաքացին թքում է այս ամենի վրա ու գնում Հյուսիսային պողոտա, որ այնտեղ պատվաստվի:

Հասնում է տեղ, պարզվում է, որ պատվաստման այդ շրջիկ կետը փակ է: Այստեղ, այնտեղ են զանգում, առողջապահության համակարգից պատասխանում են, որ այսօր չենք գալու: Իզուր մի սպասեք: Առաջարկում են գնալ Կասկադ: Գնում է Կասկադ: Այստեղ էլ է հերթ, բայց գոնե բաց տարածք է, խեղդոց չի: Սակայն այստեղ էլ հայտարարում են, թե մենակ Astra Zeneca պատվաստանյութ կա: Փոխարենը միանգամից պատվաստում են: Որևէ քարտ չեն պահանջում, ինչպես՝ պոլիկլինիկաներում:

Մենք հնարավորինս համառոտ ենք ներկայացրել այսօր Հայաստանում պատվաստման գործընթացը՝ մեկ մարդու օրինակով: Բայց նույնիսկ սա հստակ պատկերացում է տալիս, թե ինչ բառադի ու փնթի են այս իշխանությունները, ինչ աստիճանի ապաշնորհ է կազմակերպված պատվաստման գործընթացը: Ու մի հատ էլ մարդկանց վրա մուննաթ են գալիս, թե չեն պատվաստվում, օրենքներ են ընդունում՝ պարտադիր պատվաստման կամ թեստ հանձնելու վերաբերյալ: Մի հատ դուք ձեր գործին նայեք. ամենատարրական բաները չեք կարողանում կարգավորել: Ո՞նց է ստացվում, որ պոլիկլինիկաներում պատվաստման համար բժշկական քարտ են պահանջում, ինչի համար արդեն պիտի ժամերով հերթ կանգնես, իսկ Կասկադում՝ ոչ: Մենք նույնիսկ չենք բացառում, որ սրանք չգիտեն էլ, որ նման՝ իրար հակասող ու պատվաստման գործընթացը դժվարացնող խնդիր կա: 

Մտնում ես պոլիկլինիկա. ոնց որ բոմժանոց, անտերանոց լինի: Ոչ մի կարգապահություն, ոչ մի կարգ, ահավոր աղմուկ-աղաղակ, ով, ոնց ուզում, մտնում է, դիմակ կրելու պահանջ չկա: Այս հերթերից մարդ ավելի շատ հիվանդություններ ձեռք կբերի, քան բոլոր կորոնավիրուսային շտամներից: 

Մի ուրիշ խնդիր էլ կա. մարդ էլ կա, պոլիկլինիկա է գնում ոչ թե պատվաստվելու, այլ սիրտը, թոքը, շնչառությունը ստուգելու: Էդ խեղճ մարդիկ էլ են ստիպված ժամերով հերթ կանգնում: Գնում, կանգնում են պատվաստման եկած քաղաքացիների կողքին: Սրա մասին էլ մտածող չկա: 

Դրա համար ենք ասում. այս իշխանությունները նույնիսկ մի հատ պատվաստման գործընթաց չեն կարողանում կազմակերպել, սրանց ո՞նց կարելի է վստահել, օրինակ՝ սահմանազատման, դելիմիտացիայի գործընթաց:

Պատկերացնում ե՞ք արդյունքները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2837 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ