Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները (արդեն խնդալս գալիս ա էս բառակապակցությունը տպելուց) հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Նենց չի, որ շատ վախենալու դեպք ա, բայց դե արդեն կարծես վարյետեում տոմս ծախող լինեմ»:
Ավելի վաղ Սամվել Մարտիրոսյանը գրել էր, որ ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն:
«ՉԻ». Հիմա որ խոսենք պարգևավճարների մասին, կասեն՝ էլի շահարկում եք: Այսպիսի խայտառակությունից հետո պետական կառավարման համակարգի բոլոր աշխատողները՝ սկսած վարչապետից, պետք է ոչ թե հրաժարվեն պարգևավճարներից, այլ զրկվեն: Հենց զրկվեն:
Ո՞ւմ է պետք ձեր աշխատանքը, եթե ադրբեջանցիները հանգիստ ելումուտ են անում կառավարական համակարգեր, ներքին ցանցեր, ինչ ուզում, անում են, ցանկացած տեղեկություն վերցնում են: Այսքան ժամանակ չլսեցինք, որ ինչ-որ մեկը սրա համար պատասխանատվություն կրի, որևէ մեկին աշխատանքից հեռացնեն: Սա ազգային անվտանգության հարց է:
Չունե՞նք մասնագետներ: Ունենք: Պարգևավճարները հավաքեք, մի ամբողջ բանակ վարձեք, անվտանգության նոր համակարգեր ստեղծեն, հաքերներին վճարեք, թող իրենք էլ զբաղվեն նրանով, ինչով ադրբեջանցիներն են զբաղվում: