...

Բլից-վիրտուալ. Էդուարդ Շարմազանով

Բլից-վիրտուալ. Էդուարդ Շարմազանով

- Պարոն Շարմազանով, ի վերջո ե՞րբ կխոսի Սերժ Սարգսյանը:

- Դուք տեսաք, նախագահը խոսեց Զագրեբում: Դա արդեն հստակ նշանակում է, որ վտանգն անցել է, և լոգոպեդի կարիք այլևս չկա:

- Իմիջիայլոց, գրեթե նույն վարքն է դրսևորում Արթուր Վանեցյանը՝ սպառնալով, որ մի օր կխոսի:

- Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի՝ ԱԱԾ պետ աշխատելու տարիներին դրված ավանդույթները շատ խորն են: Չեմ բացառում, որ մի գեղեցիկ օր Սարգսյանը և Վանեցյանը հանդես գան «խոռով»:

- Դուք ասում եք, որ մարդիկ ձեզ մեղադրում են երկիրը Փաշինյանին հանձնելու մեջ: Ովքե՞ր են այդ մարդիկ և արդյո՞ք երկիրը ձերն էր:

- Շատ են այդպիսի մարդիկ: Նշեմ միայն մի քանիսի անունները: Արդարադատության գեներալ Միհրան Պողոսյան, բնապահպան Արամ Հարությունյան, «Մոցարտ» շոկոլադի գործարանին նոր շունչ հաղորդած Գագիկ Խաչատրյան, մեծ մտավորական, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Լևոն Սարգսյան, Հայաստանում ԱԳԼՃԿ-ների ներդրման գործում անուրանալի ավանդ ունեցող Սաշիկ Սարգսյան, նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը, որ քաղաքական հետապնդումների պատճառով, ստիպված եղավ փոխել հռչակավոր Սարգսյան ազգանունը Գոնսալեսով, տարիներ շարունակ իրական հաց բերող և, չգիտես ինչու, ընդդիմության թեթև ձեռքով ալրաղացի Լյովիկ անվանակոչված Լևոն Սարգսյան, Շերլոկ Հոլմսին և Էրկյուլ Պուարոյին ոչնչով չզիջող, Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան, բանակի տուշոնկաները պահեստավորած և չփչանալու նպատակով սառը տեղ պահած լեգենդար Մանվել Գրիգորյան և այլոք: Բացի դրանից, չեմ նշում Հայաստանը դրախտի վերածած հերոս Ռոբերտ Քոչարյանի անունը: Իսկ երկիրը մերն էր, որովհետև հաղթել էինք Հոկտեմբերի 27-ին, Մարտի 1-ին, պարտադրված մի շարք ընտրություններում և մանր-մունր ըմբոստությունների ժամանակ:

- Շատերն ասում են, որ չկա վերադարձ անցյալին:

- Ես էլ եմ ասում, որ չկա վերադարձ անցյալին: Մենք մեր սեփական ժողովրդի վրա հենվելով՝ շարժվելու ենք դեպի «Առաջ Հայաստան», ստեղծելու ենք «Ապահով Հայաստան», որը իր հերթին բերելու է «Անվտանգություն և Առաջընթաց»: Մտահոգված լինելը մի տեսակ մեր հագով չէ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2902 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ