...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, Ձեր ավտոշարասյան․․․

- Բայց ինչո՞ւ իմ, ես այդ ավտոշարասյան հետ ի՞նչ կապ ունեմ, ես ընդամենը այդ պահին դրա մոդերատորն էի։ Բայց ամեն դեպքում՝ որ վրաերթը տեսա, ուզում էի իջեցնել նշաձողը․․․ Է՛, նշաձող եմ ասում, ուզում էի իջեցնել ավտոմեքենայի ապակին, էն էլ անվտանգության աշխատակիցները զգուշացրեցին, որ ինձ տեսնելով՝ ուրախությունից ցնծացող քաղաքացիները կարող են ծաղկեփնջեր նետել իմ ուղղությամբ․․․ 

- Իսկ հետո՞ ինչ արեցիք։

- Ի՞նչ պիտի անեի, զանգեցի, ցավակցեցի ու հավաստիացրեցի, որ բոլոր մեղավորները պատժվելու են։ 

- Նաև մեքենայի վարո՞րդը։ 

- Վարորդն ի՞նչ կապ ունի։ Այ տեսեք՝ եթե երկրում չարության և թշնամանքի մթնոլորտ չլիներ, եթե շնաբարո դուրսպրծուկներն իմ հասցեին սպառնալիքներ չհնչեցնեին, ես ոչ թե մեծ արագությամբ կսլանայի Երևանի փողոցներով, այլ առաջվա պես ամեն քայլափոխի կիջնեի, մարդկանց հետ սելֆի-բան կանեի․․․ Չստացվե՞ց, որ շնաբարո դուրսպրծուկներն են մեղավոր։ Ու բոլորին փռելու ենք ասֆալտի՛ն, ծեփելու ենք պատերի՛ն․․․ 

- Լավ, լավ, հանգստացեք։ Իսկ ինչո՞ւ կառավարության նիստում չխոսեցիք այդ միջադեպի մասին։

- Ճիշտն ասած, սկզբում ուզում էի, բայց նայեցի կառավարության անդամների դեմքերին ու հասկացա, որ բոլոր պրոբլեմների հիմքում անգրագիտությունն է, և սկսեցի խոսել դպրոցական կրթության որակի մասին։ Երեխաները դպրոցներում պատշաճ կրթություն չեն ստանում, ու շնաբարո դուրսպրծուկները շահարկում են դա։ Օրինակ՝ 8 միլիոն քառակուսի մետր հող հանձնածը 8 հազար հանձնելու համար ինձ ասում է հողատու կապիտուլյանտ։ 8 միլիոնը ուր, 8 հազարը ուր․․․

- Բայց Ձեր հանձնածը քառակուսի մետր չի, քառակուսի կիլոմետր է։

- Ի՞նչ կապ ունի, կարևորը թիվը չի՞։ Այ դրա համար եմ ասում՝ դպրոցում պիտի նորմալ մաթեմատիկա սովորել։ Բա չիմանա՞ն «Իսկանդերը» քանի տոկոսով ա պայթում, կամ հո ամեն անգամ ասֆալտի տենդեր շահողը չի՞ զանգելու եղբորը, ասի «Ալեն ջան, 15 տոկոս ատկատը շքա՞մ ա»։ Եվ մենք, այո, որոշել ենք, որ այսուհետ ուսուցիչները կարող են ամսական մինչև 2 միլիոն դրամ ստանալ։

- Ինչպե՞ս։

- Շատ պարզ։ Եթե 7-8 անգամ կամավոր ատեստավորում անցած լինեն, տարակարգ ունենան, շաբաթական մի 4-5 դրույք դաս, ամեն օր էլ դասամիջոցին «Վիվարոյով» խաղադրույքներ անեն, կարո՛ղ են այդքան ստանալ։ Այ սա՛ է կրթության որակի բարձրացումը։

- Եվ այնուամենայնիվ՝ չե՞ք պատրաստվում հրաժարական տալ։

- Հի-հի․․․ Համ ասում եք՝ ոչ մի բանի համար պատասխանատվություն չեմ ստանձնում, համ էլ ասում եք հրաժարական տա՞մ։ Էն անեկդոտը գիտե՞ս, էն որ ասում ա «ի՞նչ ես կպել, էրեխա յա, իրա համար մածուն ա ուտում»։ Հիմա ինձանից ի՞նչ եք ուզում, իմ համար վարչապետ եմ աշխատում, հաշվեք՝ չկամ։

- Իսկ ահա Վանեցյանն Ազատության հրապարակում․․․ 

- Վանեցյանի անունը չտաք։ Ինքը մեր ախպերն ա։

- Ժամանակին էլ Սամվել Ալեքսանյանը Ձե՛ր մասին էր ասում «Նիկոլը մեր ախպերն ա»։

- Է հա, սխալ է՞ր ասում․․․ 

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   10253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ