...

Բլից-վիրտուալ. Սերգեյ Կոպիրկին

Բլից-վիրտուալ. Սերգեյ Կոպիրկին

- Պարոն դեսպան, ինչպե՞ս եք վերաբերվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին:

- Նախ և առաջ ցանկանում եմ նշել՝ Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է: Ռուսաստանը շատ մեծ հարգանքով է վերաբերվում Հայաստանի անկախությանը: Բայց լավ կլիներ, եթե ռուսաց լեզուն ճանաչվեր պետական լեզու, դրանից հետո ինչ օրենք ուզում եք ընդունեք, միևնույն է, մեզ վրա չի տարածվի:

- Պարոն Կոպիրկին, կխնդրեինք մեկնաբանել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը:

- Ռուսաստանը շատ մեծ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը: Մենք որևէ ցանկություն չունենք խառնվելու ձեր երկրի արդարադատությանը և նրա կայացրած որոշումներին: Բայց կխնդրեմ չմոռանաք, որ մենք այդպես էլ չհերքեցինք պարոն Քոչարյանի խոսքերը առ այն, որ նրա և Վլադիմիր Վլադիմիրովիչի միջև կա քիմիա: Իհարկե, թեմայի հետ կապ չունի, բայց կցանկանայի նշել, որ 4 միլիոն դոլարի հարկային արտոնություններ ենք տվել ռուսահայ այն օլիգարխներին, որոնք այս օրերին վճարեցին պարոն Քոչարյանի գրավի գումարը:

- Ի՞նչ կասեք ՍԴ շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

- Россия своих не бросает: Կառավարությունը հատուկ աջակցության ծրագիր է մշակել այս առթիվ: Ուրեմն կվճարենք պարոն Թոխյանի բոլոր վարկերը, բացառությամբ ՎՏԲ բանկին ունեցած պարտավորություններից: Ինքն ասաց, այդ մի վարկը ինքնուրույն կվճարի, կթարգմանի Հայաստանի իշխանությունների վերաբերյալ մեկնաբանությունները և կուղարկի Ռուսաստան: Ալվինա Գյուլումյանը մինչև կյանքի վերջ կարող է անվճար տարեկան 2 անգամ թռչել «Աերոֆլոտի» ինքնաթիռներով: Կվճարենք նաև պարոն Թովմասյանի կոմունալ վճարները, նա այլևս հավասարեցված է Լենինգրադի բլոկադայի մասնակիցներին և կօգտվի բոլոր արտոնություններից: Հիմա էլ կարծեմ գտնվում է Մինվոդիի առողջարաններից մեկում, ՍԴ խրամատը պահելու շրջանում նրա առողջությունը ահագին վնասվեց:

- Տեղեկություններ կան, որ Միքայել Մինասյանը գտնվում է ՌԴ տարածքում, մասնավորապես՝ Սոչի քաղաքում: Դուք ունե՞ք նման տվյալներ:

- Ճիշտն ասած՝ ոչ: Բայց եթե դա այդպես է, ապա ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը հզորանում է, իսկ նեխած Եվրոպան՝ քանդվում: Ուրեմն ի՜նչ աստիճան քանդված է եվրոպական տնտեսությունը, որ տաղանդաշատ խոհարարը չի կարողանում գործ գտնել Եվրամիության 30 երկրներից և ոչ մեկում ու ստիպված արտագաղթում է Ռուսաստան: Պարզապես մի խորհուրդ կարող եմ տալ պարոն խոհարարին: Ռուսական օղին մի լցրեք կաթսայի մեջ. ռուս ազգը շատ զգայուն է այդ հարցում, մի փորձանք կպատահի իր հետ, և անիմաստ քաղաքական երանգավորում կտան դրան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2803 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ