...

Նվաստացումը խաղաղություն չէ

Նվաստացումը խաղաղություն չէ

Մի բառի նշանակությունը

Այս շաբաթն ավարտենք «Շերլոկ Հոլմսի արկածները» ֆիլմի առաջին սերիայից սկսելով, երբ դոկտոր Վաթսոնը, ծանոթանալով Հոլմսի հետ, աստիճանաբար հանգում է եզրակացության, որ վերջինս քրեական աշխարհի հեղինակություն է: Տարբեր տհաճ միջադեպերից հետո Հոլմսը Վաթսոնին պարզաբանում է, որ վերջինիս մտորումներն իր մասին շատ ճիշտ էին, բացառությամբ մի նշանի. բացասական նշանի փոխարեն դրական նշան պետք է դներ, քանի որ ինքը ոչ թե հանցագործ է, այլ խուզարկու:

Սա ուղղակի հիշեցինք, երբ տեսնում ենք, թե այս իշխանություններն ինչպես են հանրության գլուխը արդուկում խաղաղության մասին պնդումներով: Առավոտից երեկո խաղաղությունից են խոսում: Թե դա ինչ լավ բան է, թե տենց բան պետականության հիմնադրումից ի վեր չի եղել, որ խաղաղությունն է Հայաստանի զարգացման բանալին, հարևանների հետ խաղաղությունը կենսական շահ է և այլն:

Ինչ որ ասում են, բավական խելամիտ է: Աքսիոմատիկ ճշմարտություններ են: Բացառությամբ մի բառի. խաղաղության փոխարեն նվաստացում: Այ, որտեղ օգտագործում են խաղաղություն բառը, եթե դա փոխարինեք նվաստացում բառով, ամեն ինչ տեղը կընկնի: Մի հատ փորձեք: 

Իրենք էլ գիտեն, հասկանում են, որ մեզ նվաստացնում են, ստիպում են նվաստանալ, բայց հո այդպես չե՞ն ասելու: Սրանց թվում է, թե նվաստացումը սահման ունի: Այսինքն, մի քիչ էլ նվաստանանք, մեր հակառակորդները բալքիմ ասեն՝ լավ բոլ է, մեղք են սրանք: Չէ՜, քանի դեռ նվաստացնելու հնարավորություն ունեն, նվաստացնելու են: Իրենց հերթական պահանջը կատարեք, հաջորդ պահանջն են ներկայացնելու: 

Միրուքները երկար են, խելքը՝ կարճ

Սրանք իրենց կարճ խելքով մտածում են՝ Սահմանադրությունն էլ փոխենք, Անկախության բոլոր արժեքները վերացնենք, Ադրբեջանը մեզ հանգիստ կտա: Տեսականորեն, եթե հանրաքվե անեք, Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունները կատարեք, հանրաքվեի հաջորդ օրն Ալիևն ասելու է. դե, հիմա պատմության գրքերն էլ փոխեք, չըլնեմ, չիմանամ, որ մեջը մեր մասին մունդառ բաներ գրած լինեք: Ու կանեն: Հետո կասի. դե հիմա Ղարաբաղյան պատերազմի հերոսների արձանները, նկարները, ցանկացած հիշատակում վերացրեք. դրանք տեռորիստ անջատողականներ են, մեր տարածքում հանցանքներ են կատարել: Ու այդպես շարունակ: Մինչև ասեն. դե, գիտե՞ք, ձեզ պետություն պետք չի, մի հատ հրամանագիր ստորագրեք պետությունը լուծարելու մասին, վերջ, խաղաղությունը ձեզ փեշքեշ: 

Հրդեհ էլ կսարքեն

Անցած շաբաթ ամենաաղմկոտ իրադարձություններից մեկը Պուտինի հարցազրույցն էր Թաքեր Կարլսոնին: Եթե մի կողմ դնենք պատմական էքսկուրսները, այնտեղ ՌԴ նախագահը նաև նշեց, որ Ռուսաստանը ոչ մի զիջում իր շահերից չի անի: Կամ այն տարածքները, որոնք նախկինում եղել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ, շարունակելու են իրենց կենսական շահերի գոտում մնալ: Այսինքն, Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի դեպքում է կոշտ քաղաքականությունը շարունակելու, այլև անհրաժեշտության դեպքում այդպես կվարվի նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

Դրանից երկու օր հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այստեղ հայտարարեց, որ Ռուսաստանի դիրքորոշումը միանշանակ է. Հարավային Կովկասը համար կենսական տարածաշրջան է, Ռուսաստանը Հարավային Կովկասում կարևոր դեր է խաղացել, խաղում է և խաղալու է: «Այստեղ խառնակչություն մտցնելու, տարածաշրջանն ինչ-որ մեկի կոնյունկտուրային աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ցանկացած փորձ կարժանանա ՌԴ-ի կոշտ հակազդեցությանը»:

Մեր իշխանությունները սա էլ չեն հասկանում: Որ Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում պետք է մաքսիմալ հավասարակշռություն ցուցաբերել, երկու աշխարհաքաղաքական բևեռների հետ էլ ճկուն գործել, երկուսի հետ էլ պահպանել և զարգացնել գործընկերային հարաբերությունները, մեր համար դիվիդենտներ կորզել: Դրել, կապիկություններ են անում, իրենց արևին, ռուսներին տարածաշրջանից տշելու թույն խաղ են խաղում: Ավել բան չենք ասում, բայց այսպիսի միակողմանի վարքագիծ նախկին իշխանություններից ոչ մեկը չի դրսևորել: Երևի դրանից էլ են վառված: Բայց արդեն այնքան են վառվել, որ կարող են հրդեհը տարածել երկրով մեկ: Ու մենք չգիտենք, թե ում դիմենք, ասենք՝ սթափվեք, գժուկներ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ