...

Բոլոլան սկսվեց. հանգիստ նստեք տեղներդ

Բոլոլան սկսվեց. հանգիստ նստեք տեղներդ

Եվ այսպես, ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Ճիշտ է, փաստաթուղթը օրենքի պարտադիր ուժ չունի, այն առայժմ միայն արձանագրում է, որ  Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

Բայց բանաձևն ընդունվելուց անմիջապես հետո համացանցում պայքար է գնում, թե հատկապես ում շնորհիվ այն ընդունվեց: Հարց է առաջացել, թե ում պետք է հանձնել բանաձևի ընդունման դափնիները:

Փորձենք պատկերացնել, թե այս օրերին ինչպիսին են լինելու տարբեր ուժերի արձագանքները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան ընդունած այս բանաձևին:

Էդուարդ Շարմազանով. «20 տարի շարունակ ՀՀԿ-ն և նրա անվերապահ, միակ, անկրկնելի առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, անդուլ պայքար են տարել՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այսօրվա նորելուկ իշխանավորները մոռացել են, թե Սերժ Սարգսյանը քանի անգամ է գնացել Լոս-Անջելես ու Լաս-Վեգաս. հենց-նենց չէր գնում. այնտեղ նա հավատարիմ մնալով Նժդեհի պատգամներին, բազմաթիվ հանդիպումներ էր ունեցել ամերիկյան գրեթե բոլոր կոնգրեսականների խորհրդականների, քարտուղարների և օգնականների հետ: Արդյունքը սպասեցնել չտվեց. բրավո, Սերժ Ազատիչ»:

ՀՅԴ. «Մինչ իշխանությունները փորձում են ստորագույն մեթոդներով վերաբացել հոկտեմբերի 27-ը, Դաշնակցությունը՝ հավատարիմ մնալով Դաշնակցության պատգամներին, գրեթե 100 տարի ԱՄՆ-ում պայքար էր տանում հանուն Եղեռնի ճանաչման: ՀՅԴ բազմաթիվ ականավոր ներկայացուցիչներ տարիներ շարունակ թթվել էին ամերիկյան կոնգրեսականների, սենատորների ականջներուն, չենք թողել շունչ քաշին, և մեկ միլիմետրի ճշտությամբ պայքարն ի վերջո պսակվեց հաջողությամբ: Կեցցե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, կեցցենք մենք»:

ՔՈ. «Մենք լավ էլ հասկանում ենք, որ ԱՄՆ-ը սրանով փափուկ բարձ է դնում իշխանությունների գլխի տակ՝ Ամուլսարի հարցում զիջումների ակնկալիքով: #Ամուլսարը մնալու է սար#»:

Քոչարյանականներ (միանգամից նշենք, որ այն, ինչ մտադիր էինք այս դեպքում գրել, մեր տեղն արել է Քոչարյանի ֆանատներից մեկը՝ իր ֆեյսբուքյան էջում, այսինքն՝ սա իսկական է, բայց բոլոր դեպքերում, հումորի տեսանկյունից հաջողված է, ուղղագրությունն էլ թողնում ենք անփոփոխ.- ՉԻ.):

«Շնորհավորում եՆք, Մեծարգո պարոն Նախագահ Քոչարյան
Ձեր որդեգրած և սկիզբ դրած քաղաքականությունը իր հաղթական հանգրվանին է հասնում:
Հայ ժողովուրդը իր երախտիքի խոսքը դեռ ասելու է անձամբ Ձեզ` այս պատմական առաքելությանը սկիզբ դնելու և հետևողականորեն իրականացնելու համար:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը համարյա միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը: #Քոչարյան Հերոս#»:

ՎԵՏՕ. «Բա գիտեիք, սորոսականներ Դանիել Իոաննիսյանն ու Արսեն Խառատյանը պատահական էի՞ն այս օրերին Վաշինգտոն գնացել, Կոնգրես այցելել: Սա Հայաստանը գրավելու մեծ ծրագրի մի մասն է, այսօր ճանաչում են, վաղը՝ կփոշմանեն, իսկ սորոսականները միավորներ կհավաքեն: Չեք մարսելու: #Սորոսի վաստակներ#»:

«Ադեկվատ». «Ով որ Էրդողանի խաթրին կպավ, գյաջ ըլնենք, դնելու ենք, հատ-հատ ատչյոտ պահանջենք: Քայլառաստները դեռ փոշմանելու են իրենց ծնվելու համար: #Դեբիլների Կոնգրես#:

Նիկոլ Փաշինյան. «Շնորհակալ ենք ամերիկյան մեր եղբայրական ազգին՝ Թուրքիային ասֆալտին փռելու համար: Այս բանաձևի ընդունումից հետո ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին կարգադրել եմ ուսումնասիրել վերջին հարյուր տարում Թուրքիայի բոլոր պաշտոնատար անձանց տնտեսական գործունեությունը պատմական Հայաստանի տարածքում: Մինչև վերջին լուման պիտի հետ բերեն: #Հանգիստ նստեք տեղներդ#:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ