(Խոսենք փաստերով)
Ցյուրիխ,24,01․2025։ Ն․ Փաշինյանը՝ Ցեղասպանության մասին․ «Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, Մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»։ Ինչպես բազմիցս են նշել՝ սա համահունչ է թուրքական պատումին։
Երևան, 31․01․2025։ Ն․ Փաշինյանը՝ Ցեղասպանության մասին․ «Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը, հերքումը Հայաստանում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի»։ Ըստ լրատվամիջոցների՝ 6 օրում կարծիքը փոխվել է կոշտ քննադատության պատճառով։ Ո՞ւմ քննադատության, որտե՞ղ։ Արդյո՞ք հայ հասարակության կամ ինտելեկտուալ վերնախավի կարծիքի շնորհիվ էր այս կերպափոխումը, թե՞ ուրիշ բան կա։ Հայ հասարակության վերնախավին դեռ կվերադառնանք, բայց այժմ հիասթափեցնեմ ձեզ․ մենք սրա հետ կապ չունենք։ Ն․ Փաշինյանին դաս տվեցին եվրոպացիները։
Երևան, 27․01․2025։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր և հայտարարել․ «Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»։ Ինչո՞ւ։ Որովհետև Գերմանիան հարգում է իր օրենսդիր մարմնի որոշումը։ Գերմանիայի Բունդեսթագը 2016- ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Երևան, 29․01․2025։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «24 տարի առաջ այս օրը՝ 2001 թ․ հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։ Նա նաև հրապարակել է փաստաթղթի պատճենը։ Ֆրանսիայի դեսպանը նույնպես հարգում է իր երկրի որոշումը։
Ինչպես նկատեցիք, հունվարի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ն․ Փաշինյանի «նարատիվը» մի քիչ փոխվեց եվրոպացիներից ցուցադրական դաս ստանալուց հետո։ Եվրոպացիները դեռ նրան պետք են․․․ Դեռ։
Բայց սա, հասկանում ենք, ժամանակավոր նահանջ է։ Ցեղասպանության մասին թուրքական պատումը երգողներ կան, ընդ որում՝ արևմտյան արժեքների հետ կապ չունեցող թունդ արևմտամետների շարքերում։
Իսկ մեր ազգային ինտելեկտուալ վերնախավը լռում է կամ լավագույն դեպքում ֆեյսբուքում ծպտուն հանում։ Մեր ազգային ինտելեկտուալ վերնախավին հանգիստ չենք տալու, Ցեղասպանությունն ուրացողներին հանգիստ չենք տալու․ խոստանում ենք։
Զարուհի Գաբրիելյան