...

Ծանր էթիկական աղետ է

Ծանր էթիկական աղետ է

Վերջերս ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր կատարել.

«Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան։

Ի դեպ. վստահաբար Բաքվից ջերմ ողջույններ ստանալուց Շամշյանը միայնակ չի լինի, տարատեսակ ինֆորմատորներով կմիանաք նրան»: Ահա, այսպիսի բան էր գրել ՊՆ մամլո խոսնակը:

«ՉԻ». Մի քանի անգամ կարդալուց հետո այդպես էլ չհասկացանք, թե զինվորի հետ կապված միջադեպի մասին տեղեկատվությունից հետո Արծրուն Հովհաննիսյանը ինչու է հիշել Գագիկ Շամշյանին, Բաքու-մաքու, նման որակումներով ֆոտոլրագրողին վիրավորել:

Մտածեցինք, որ այս միջադեպի վերաբերյալ Գ. Շամշյանը մի այնպիսի բան է գրել, որը կամ գաղտնիք է, կամ՝ ապատեղեկատվություն: Իսկ Գագիկ Շամշյանը գրել է հետևյալը. «Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում, դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքնեով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, և որը՝ ի դեպ, տեսողական խնդիրներ է ունեցել ու շատերը զարմացել են, որ նրան բանակ են տարել»: Այսքանը: Ինչ որ լրագրողը գրել է, հաստատել է նաև ՊՆ-ի պաշտոնյան:

Ենթադրվում է, որ Արծրուն Հովհաննիսյանը շատ ծանր է տարել, որ դեպքի մասին առաջինը ֆոտոլրագրողն է հայտնել, և՝ ինչը ամենակարևորն է, հարամել է բանակում տոնական մթնոլորտը՝ կապված Անկախության 28-րդ տարեդարձի հետ: Այսինքն, Շամշյանը պետք է սպասեր, որ ՊՆ-ում քեֆ-ուրախությունները ավարտվեին, նոր ցավալի լուրը հրապարակեր: 
Դե, իսկ որ հրապարակել է, ուրեմն Բաքվի ջրաղացին ջուր է լցնում: Սա է ՊՆ մամլո խոսնակի տրամաբանությունը:

Այս ամենը մենք այսօր իմացանք. պատահաբար նկատեցինք Արծրուն Հովհաննիսյանի գրառումը ու որոշեցինք հասկանալ նման՝ էթիկայի սահմաններից դուրս եկող վարքագծի շարժառիթները: Իսկ սա էթիկայի նորմերի խախտում է, սրանում ոչ մի խոսք, և մեր կարծիքով՝ Գագիկ Շամշյանը ճիշտ կանի՝ դիմի Էթիկայի հանձնաժողով, թող քննեն Արծրուն Հովհաննիսյանի հարցը: Կան սահմաններ, որոնք հատկապես Պաշտպանության նախարարության պաշտոնյան իրավունք չունի հատել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6227 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ