...

Ջաններդ յուղեք

Ջաններդ յուղեք

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է. «44-օրյա պատերազմի ժամանակ 5-րդ շարասյունը քարոզչական դաշտում աշխատում էր 2 ճակատով:

Տեղեկատվական տարբեր հոսքերով մարդկանց համոզում էին, թե առաջնագծում ամեն բան ընտիր է, ավելին՝ մերոնք հակառակորդին հետ են շպրտել ու բարձունքներ գրավելով առաջ են շարժվում։ Ու եթե պատերազմը մի քանի օր էլ շարունակվի, նոր տարածքներ ենք վերցնելու։

Այս ամենի պատճառը մեկն էր, որպեսզի հանրությունը լցվի հաղթանակի սպասումով ու երբ իմանա պարտության մասին, զգա իրեն խաբվածի դերում ու փորձի վրեժխնդիր լինել իշխանությունից»:

«ՉԻ». Ճիշտ է ասում: Օրինակ՝ Հադրութն ընկել էր 2020-ի հոկտեմբերի սկզբին, իսկ հանրությունն այդ մասին իմացավ միայն պատերազմի վերջում: Այսինքն, ըստ Ֆեյք-ՊՈԱԿ-ՄՈԱԿ-ի կարդինալի, իշխանություններն ուզում էին ասել, որ վիճակը վատ է, թշնամին վերցրել է Հադրութը, իսկ ահա ինչ-որ 5-րդ շարասյուն հայտարարում էր, թե հայկական բանակը Լելե-Թեփեն է վերցրել ու հեսա Քուռ է հասնում: Ու դրա համար իշխանություններն ամաչում էին հայտնել, թե ինչ է իրականում տեղի ունենում ճակատում: 

Երևի ոչ թե Արծրուն Հովհաննիսյանը, այլ 5-րդ շարասյունն էր ասում, թե Ղուբաթլուից մինչև Հորադիզ #գյոռբագյոռ# ենք անում, հակահարձակում ենք սկսել, փրթում, թափում ենք: 

Ու երևի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ 5-րդ շարասյունն էր ֆեյսբուքի էջում գրում, որ Շուշին դեռ մերն է, երբ այն վաղուց ադրբեջանցիների ձեռքում էր: 

Ընդհանրապես, պատերազմի օրերին հատուկ դրություն էր մտցված, մամուլում հրապարակումների վրա խիստ սահմանափակում կար, միայն պաշտոնական հաղորդագրություններն էին թույլատրված, այսինքն՝ միայն այն տեղեկատվությունը, որը իշխանություններն էին թույլատրում, ու հիմա տրամաբանական հարց է առաջանում. այդ 5-րդ շարասյունը որտե՞ղ պիտի հաղթական ոճի տեղեկություններ տարածեր, եթե տեղեկատվական դաշտն ամբողջությամբ վերահսկվում էր իշխանությունների կողմից, իսկ այն լրատվամիջոցը, որը համարձակվում էր թեկուզ կես բերան գրեր, թե իրականում ինչ է կատարվում ռազմաճակատում, անմիջապես տուգանում էին, եթե ճիշտ ենք հիշում, 750 հազար դրամից սկսած մինչև 2 մլն դրամ: 

Հիմա պարզվում է՝ 44 օր որ մեզ հեքիաթներով կերակրել են, դա ոչ թե իշխանություններն են եղել, այլ 5-րդ շարասյունը: Դե մի հատ անուն առ անուն ասեք՝ մենք էլ իմանանք, թե ով է մոլորության մեջ գցել մարդկանց:

Ո՞նց էր Գագարինան ասում.

Спектакль окончен,

Гаснет свет:

И многоточий больше нет:

ՎԱՐԿԱՆԻՇ

   716 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ