...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Այս հեղեղը մեզ դուր է գալիս

2017թ. աշնանը «ՉԻ»-ում մի հոդված տպագրեցինք այն մասին, որ գրելու բան չկա: Այդ ժամանակաշրջանը գնալով նմանվում էր բրեժնևյան «լճացման» տարիներին, երբ ասելիք չկար, անելիք չկար, արդեն գիտեինք, թե Սերժ Սարգսյանն ինչ ելույթ է ունենալու, Արմեն Աշոտյանը ինչպես է ծափահարելու, Շուշան Պետրոսյանը՝ «կնոպկա» սեղմելու: Հայկական հեռուստաալիքները առավոտից երեկո նույն ժանգոտած սերիալներն էին ցուցադրում, ժանգոտած քաղաքական գործիչներին հրավիրում եթեր, որոնցից ամենաընդդիմադիրը Հեղինե Բիշարյանն էր: Թերթի էջերը լցնելու լուրջ խնդիր կար:

Իսկ հիմա. «կծես-չայ խմես»-ի ժամանակներ են: Իրադարձությունների, զարգացումների, բլթոցների, լայվերի հեղեղ է: Չենք հասցնում բոլորին հետևել, անդրադառնալ ու մեկնաբանել: Մինչև մի թեմայի մասին գրում ես, դեռ չավարտած, պարզում ես, որ թեման զարգացումներ է ունեցել: Խմբագրում ես, սրբագրում, ավելացնում, կրճատում, նորից ինչ-որ շարունակություն է լինում: Հատկապես թերթի դեպքում դա վատ է. մի բան գրում ես, մինչև հաջորդ օրը լույս է տեսնում, այդ թեմայի շուրջ հազար ու մի բան է տեղի ունեցած լինում: 

Դրա համար երևի սկսենք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից: Հույս ունենք, որ երբ այս տողերը կարդում եք, նա Հայաստանում դեռ չի հասցրել իշխանությունը վերցնել: Համենայնդեպս, իշխանափոխության հայտն արդեն ներկայացրել է: Հանդիպել էր մի շարք տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ ու երկու ժամ խոսել իր կարևորության մասին: Որ ինքը գալիս է: Կուսակցություն է բացելու, քաղաքական գործունեություն ծավալելու, Նիկոլ Փաշինյանի հարցերն էլ լուծելու է: 

Ո՞ւմ նկատի ուներ Վանեցյանը

Մենք կանդրադառնանք Վանեցյանի միայն մեկ խոսքին: Հենց առաջին հարցին, որը կապված էր նրա կողմից ստեղծված «Հայրենիք» հիմնադրամին և Հայաստանում քաղաքացիական հասարակությանը: 

Ըստ Վանեցյանի, Հայաստանում քաղհասարակության կայացման խնդիր կա, քանի որ հիմնականում ՀԿ-ներին ֆինանսավորող հիմնադրամները օտարերկրյա են, հետևաբար, ով նրանցից դրամաշնորհ է ստանում, ուրեմն ծառայում է օտար երկրների շահերին, դա վտանգավոր է, իսկ իր «Հայրենիք» հիմնադրամը լինելու է ազգային ու ծառայելու է ազգային շահերին:

Փորձեցինք հասկանալ, թե որ հիմնադրամի մասին է Վանեցյանը ակնարկում: Որ այդ հիմնադրամը վտանգավոր է և սպասարկում է դրսի շահերը: 

Առաջինը մեր մտքով անցավ Սորոսի հիմնադրամը: Բայց չէ, դժվար, որովհետև նայում ենք, Հայ Առաքելական եկեղեցուն են դրամաշնորհներ հատկացրել, Հայկ Բաբուխանյանին են փող տվել, Հայկ Ալումյանին, Ավետիք Իշխանյանին, Դավիթ Շահնազարյանին, գումար են հատկացրել մի շարք թանգարանների և այլն: Դժվար թե, այսպիսի ազգային արժեքներ ֆինանսավորողը օտարի շահեր սպասարկեր:

Անցնենք «Լույս» հիմնադրամին: Այն ստեղծել էր Սերժ Սարգսյանը, երբ 2008թ. եկավ իշխանության, այն փակել էր Սերժ Սարգսյանը՝ երբ 2018թ. հրաժարական տվեց: Այսինքն, մի մարդու կամքից կախված հիմնադրամ էր, որի ֆինանսավորողներից մեկը գիտեք ո՞վ է եղել. «Լիդիան Արմենիա» ընկերությունը: Չենք բացառում, որ Վանեցյանը այս հիմնադրամը նկատի ուներ:

Հաջորդը «Երևան» հիմնադրամն է: Ինչպես Անահիտ Բախշյանն էր դիպուկ որակել, այս հիմնադրամը ՀՀԿ-ի «ընտրություններ իրականացնելու քսակն էր»: Այսքանով կարելի է սահմանափակվել: Կարող ենք միայն ավելացնել, այս Հիմնադրամի գործունեության հետ կապված քրեական գործով երկու հոգու ձերբակալեցին՝ հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին:

Մենք վստահ ենք, կասկած չունենք, որ Արթուր Վանեցյանը այս հիմնադրամը նկատի ուներ: Ինքն է 2018-ին հայտարարել, որ Տարոն Մարգարյանին կանչել, հարցաքննել են, հայտարարել է, որ այդ հիմնադրամը 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով գումար պետք է վերականգնի, պետությանը վերադարձնի: Այսինքն, այս հիմնադրամը վնաս է հասցրել պետությանը, այսինքն՝ ջուր է լցրել թշնամիների ջրաղացին, հետևաբար՝ սպասարկել է դրսի շահերը:

Տեղեկանք հիմնադրամների մասին

Չէ, ներող, հասկացանք, Վանեցյանը նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: ՀՀԿ երիտասարդական թևի ցմահ նախագահ Կարեն Ավագյանին վստահված այս հիմնադրամը անդառնալի վնասներ է հասցրել Հայաստանին: Բուհերին պարտադրում էին տարեկան հսկայական գումարներ հատկացնել այս հիմնադրամին, բազմաթիվ կրթօջախներ զրկվում էին իրենց վերջին կոպեկներից, քանի որ դրանք տալիս էին հիմնադրամին: Հիմնադրամն էլ այդ հսկայական միջոցները ծախսում էր երիտասարդությանը, ուսանողությանը փչացնելու, կարիերիստներ պատրաստելու վրա, փողի մնացած 70-80 տոկոսն էլ գրպաններն էին դնում, շինծու, չգործող ՀԿ-ների անուններով մեծ գումարներ էին դուրս գրում: Հիմնադրամի հասցրած վնասը ահռելի է: Ու մենք դեռ խոսում ենք բարոյական, հոգեբանական և քաղաքական վնասների մասին:

Նյութական վնասի մասով ընդամենը հիշեցնենք, որ միայն մի դրվագով ձերբակալվել էր հիմնադրամի տնօրենը, որը Կարեն Ավագյանը չէր, յուրացրել էր 326 միլիոն դրամ: Սա միայն մեկ դրվագն է: Այս դրվագից հետո Կարեն Ավագյանը մինչև հիմա թախտի տակից դուրս չի գալիս:

Սա Արթուր Վանեցյանի նորանշանակ մամլո քարտուղարին փոխանցեք, թող շեֆին ներկայացնի, որ իմանա, թե որ հիմնադրամների դեմ պետք է պայքարի: Մի բան էլ ավելացնենք, թաքուն, որ մարդ չիմանա. մեր այս նշած հիմնադրամներից այսօր միայն... Սորոսի հիմնադրամն է գործում: Մնացած երեքը նախկին իշխանություններն էին ստեղծել, ինչքան կարողացել էին, կերել էին, գրպանել, գումարները փոշիացրել, այնուհետև՝ իշխանությունը կորցնելուց հետո, բոլոր այն վեհ նպատակները, որոնք պետք է իրականացնեին այս հիմնադրամները, մնացին փշալարերից կախված: 

«Տաշիրի Սամոն» սփյո՞ւռք է, թե՞ չէ

Բայց ամենաբոցը Վանեցյանի այն հայտարարությունն էր, որ բացի «Հայրենիքից», մի հատ էլ է հիմնադրամ բացել, որը ֆինանսավորելու են արտերկրի մեր հայրենակիցները: Այսինքն՝ դրսից ֆինանսավորվող հիմնադրամ է բացել: Որովհետև դրսում ապրող մեր հայրենակիցները, որքան էլ մեզ հայրենակից լինեն, առաջին հերթին օտարահպատակ են, այլ երկրների քաղաքացիներ են, հետևաբար՝ օտար երկրների շահերն են սպասարկում:

Այսինքն, ստացվում է, որ Վանեցյանը դրսի ուժերին ծառայող հիմնադրամ է բացել: Իր իսկ տրամաբանությամբ այդպես է ստացվում: Օրինակ, հիմա եթե «Տաշիրի Սամոն» հիմնադրամին փող հատկացնի, դա ազգային նպատակների համար է ծառայելո՞ւ, թե՞ ռուսական շահերը Հայաստանում առաջ տանելու:

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2520 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ