...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Մոռանալ շարքային Թովմասյանին

Անցնող շաբաթ հասարակություն-հակահեղափոխություն հակամարտությունը թևակոխեց նոր փուլ: Այո, մենք ասում ենք հասարակություն, այլ ոչ թե իշխանություն, որովհետև հասարակությունն ինքը բազում խնդիրներ ու վերապահումներ ունի իշխանության գործունեության հարցում, բայց երբ հարցը արդեն ճգնաժամային աստիճանի է հասնում, իշխանություն-հասարակություն դաշինքը անխոս, առանց պայմանավորվածությունների մեկտեղվում է: 20 տարի բանդիտիզմի փուլ տեսած հանրությունը պատրաստ է նույնիսկ չուզելով կանգնել իշխանության կողքին, միայն թե հակահեղափոխականության վերադարձի բոլոր ճանապարհները կտրվեն:

Վերադարձի գլխավոր ճանապարհներից մեկը Սահմանադրական դատարանն է, ավելի շուտ՝ այնտեղ տնավորված մի խումբ անձինք: Ամոթ է դրանց նույնիսկ ՍԴ անդամ համարել, որովհետև գնալ գործարքի մարդասպանների հետ, ժողովրդի արյունը թափած ոճրագործների հետ, երբ կարող էին իրենց մեջ կամք գտնել և հրաժարվել պետության, ժողովրդի դեմ դավաճանական քայլեր իրականացնելուց, դրանց ի՞նչն է անդամ: Կամ՝ դատավոր: Այնպես որ, առջևում հանրաքվեն է:

Հյուսիսը մեզ կփրկի

Բայց քանի որ ՍԴ-ի և հանրաքվեի մասին ամբողջ մի շաբաթ են խոսել և դեռ կխոսեն, մենք ավելի լավ է անդրադառնանք մեկ այլ թեմայի: Մեր տպավորությամբ, հակահեղափոխական ուժերը իշխանությունների դեմ պայքարում նոր «ճակատ» են բացել: Այն է, հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել, Ռուսաստանին հավատարմության երդումներ տալ, հնարավորինս ստվերել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս օրակարգը, իշխանությունների հակառուսականության վերաբերյալ ակտիվ հակաքարոզչություն իրականացնել, այդ թվում՝ հենց Ռուսաստանում:

Մարդ ա փչացել

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն այս առումով մեզ զարմացրեց: Որպես կանոն, ԱԱԾ-ում աշխատում են մարդիկ, որոնք պետք է կարողանան հնարավորինս քիչ բան ասել իրենց մասին և հնարավորինս շատ բան իմանալ մյուսների մասին: Պետք է գաղտնապահ լինեն, առաջնորդվեն պատվի և արժանապատվության գրված և չգրված օրենքներով, խոսեն քիչ, բայց՝ հստակ: 

Ինչպե՞ս է Արթուր Վանեցյանը ԱԱԾ համակարգում հասել նման բարձունքների, մինչև պետի պաշտոնի, պարզապես հանելուկ է: Չէ, լուրջ, չունենալով մեր նշած հատկանիշներից գոնե մեկը: Մեզ կարող են ասել, որ նա այլևս ԱԱԾ համակարգում չէ, բայց դա թույլ փաստարկ է, քանի որ, նախ, նոր է այդ համակարգից դուրս եկել, այսինքն՝ այդ համակարգում աշխատողին բնորոշ վարք ու բարքը պետք է պահպանած լիներ, և վերջապես՝ գեներալի ուսադիրներ է կրում: Բայց իրեն պահում է կրտսեր սերժանտից էլ ցածր: Վերջին շրջանում նրա հարցազրույցները, հայտարարությունները, տարբեր թեմաների վերաբերյալ գրառումները անիրազեկության վառ նմուշներ են: 

Բայց որ գնում է ու ռուսական լրատվամիջոցով քննադատում Հայաստանի իշխանություններին, դա արդեն չափից դուրս էր: Խնդիրը ոչ թե քննադատությունն էր, այլ դրա որակը: «Բեսեդկայում» նարդի խաղացող բիձեքի մակարդակի բամբասանք էր: Սպայի պատիվ, արժանապատվություն ունեցողը երբեք նման հարցազրույց չէր տա: Մի երկրի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը գնա մեկ այլ երկրի լրատվամիջոցով «խաբարբզիկություն» անի սեփական երկրի իշխանությունների վերաբերյալ ու վերջում էլ ասի՝ պատիվ ունե՞մ: Լրիվ Բեքետի պիեսներին համահունչ սցենար է: Ու զարմանալին այն է, որ ինքը չի էլ հասկանում իր վարքագծի ցածրությունը: Որ արդեն բոլորի համար մարած «խաղաքարտ» դարձավ: Գոնե մի քիչ դերասանություն աներ, չջոկեինք, որ ռուսական «պադկաբլուչնիկ» է դարձել, ԱԱԾ-ում հեչ բան չե՞ն սովորեցրել իրեն: Մեկը մեկին «շպիոն Օնիկի» պատմությունն է: 

Մերժված սիրո հետևանքները

«Ֆրոնտի» հաջորդը «Մեդիա պաշտպան» կոչվող չգիտենք ինչն է: Իրենք իրենց նախաձեռնություն են անվանում: Օքեյ: Այս նախաձեռնությունը ամեն օր զեկույցներ է հրապարակում, որ Հայաստանում մամուլի դեմ տեռոր է ընթանում, լրատվամիջոցներին նեղում են, ահավոր պայմաններում են գործում լրագրողները ու նման դժոխային այլ պատկերներ: 

Երեկ էլ այս «Մեդիա պաշտպանը» հայտարարել է, Հանրային հեռուստաընկերությունը վարկաբեկում է ՀՀ Զինված ուժերը և ստվերում հայ-ռուսական հարաբերությունները: 

Ախր գոնե ուրիշ մարդ գրեր էլի այս տեքստերը: Այդ «Մեդիայի» տեքստեր գրողը երևի մի 20 տարի Հայաստանի ամենահայտնի գրանտակերներից մեկն է եղել, չասենք, թե որտեղից է գրանտներ ստացել, ջոկեցիք, մի ոտով միշտ ԱՄՆ-ում է, «Ազատություն» ռադիոկայանում ղեկավար դիրքեր է ունեցել, տարիներ շարունակ «քլնգել» է Ռուսաստանին, իսկ հիմա սիրտը ցավում է հայ-ռուսական հարաբերությունների համար, որոնք իր սերն արհամարհած Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանությունները օր-օրի փչացնում են: 

Ուրիշ հերոսի անուն չգիտեն

Պետք է նշել, որ սա նոր բան չէ. այսինքն, Հայաստանի իշխանությունների դեմ պայքարում ռուսական հարթակ օգտագործելը: 1990-ականներին ընդդիմության, հատկապես՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները ամեն Աստծո օր ռուսական լրատվամիջոցներին հարցազրույցներ էին տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը արևմուտքի դրածոն է, որ նրա նպատակն է ռուսներին դուրս մղել տարածաշրջանից, որ Ռուսաստանը պետք է Հայաստանում լրջորեն հետամուտ լինի իր շահերին և ապազգային իշխանությունների դավադրությունները կանխի: Որքան բողոքում էին, այնքան հայ-ռուսական հարաբերությունների մակարդակն ավելի էր բարձրանում:

Քառորդ դար է անցել, իսկ դրսից տղա բերելու հոգեբանությունը սրանց մոտ նույնն է մնացել:

Պոեզիայի եղանակը

Եվ վերջում՝ եղանակի մասին: Փետրվարի 11-ին՝ Հայաստանում փաշինյանական պոեզիայի օր է, ֆեյսբուքում՝ + 4500 լայք, ինստագրամում՝ + 2000, տեղ-տեղ՝ հիացմունք, գովք, ճանապարհամերձ վահանակներին առկա են մեջբերումներ նրա նոր բանաստեղծությունից:

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-րդ տարեդարձն է: Հանրապետության մի շարք մարզերում՝ ջերմ միջոցառումներ, որոշ դպրոցներում՝ հիշատակի երեկոներ, Երևանում և իշխանության վերին ատյաններում՝ - 20 աստիճան սառնություն, տեղ-տեղ՝ քար լռություն, լրատվամիջոցներում՝ մշուշոտ անտարբերություն: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ