Ո՛չ, սա միայն 130-ամյա կուսակցություն չէ, սա հակատրամաբանական, ապակառուցողական հոգեխանգարմունք է, գործելաոճ, որը, սակայն, խոր արմատներ ունի մեր հասարակության մեջ: Եվ ահա սա՛ է պատճառը, որ կրկնվում է 100 տարի առաջ եղածը:
1920 թվականին Հայաստանն անմխիթար վիճակում էր հայտնվել ոչ միայն աշխարհաքաղաքական ծանր պայմանների, այլև դաշնակցական իշխանության ապիկարության, անհեռատեսության հետևանքով: Չենք ուզում ներկայացնել նրանց իշխանության մոտ 2,5 տարիները, որովհետև շատ կձգձգվի սույն հոդվածը: Հիշեցնենք միայն անփառունակ վերջաբանը:
1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս երեքի գիշերը Ալեքսանդրապոլում ստորագրվեց մի խայտառակ պայմանագիր, ըստ որի՝ Թուրքիային էին անցնում բազմաթիվ տարածքներ, Հայաստանին մնում էր մոտ 10 000 քառակուսի կիլոմետր, երկիրը զրկվում էր սեփական բանակ ունենալուց (թուրքերը համաձայն էին, որ մենք ունենանք 1500 զինվոր, 8 թնդանոթ, 20 գնդացիր), բայց Թուրքիան պարտավորվում էր օգնել մեզ արտաքին և ներքին վտանգի դեպքում, եթե կառավարությունն իրենց դիմեր: Սակայն մինչ Քյազիմ Կարաբեքիրն ու Ալեքսանդր Խատիսյանը ստորագրում էին այս թուղթը, Դրոն հասկացել էր, որ Կարմիր բանակն անխոչընդոտ պետք է մտնի Հայաստան: Դրոն զիջել էր երկրի ինքնիշխանությունը՝ փրկելով ազգի և տարածքների մնացորդները: Ինչպե՞ս հասանք սրան: Հասանք, որովհետև մեր կառավարիչներին կերակրում էին Սևրի դաշնագրով, որովհետև անգլիական նավերը չբարձրացան հայկական լեռները, իսկ Վիլսոնը թքած ուներ Կովկասի վրա: Երկրում վխտում էին զինված մարդիկ, դաշնակցականներն ամենուր դավաճաններ էին որոնում, բոլորին կասկածում՝ բացի իրենցից:
Նույն շրջանում Թուրքիան և Ադրբեջանը հասկացել էին, որ Խորհրդային Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել և պայմանավորվել: Ադրբեջանի իշխանությունն ավելի շուտ զգաց, թե քամին որտեղից է փչում: Կովկասյան թաթարները՝ ադրբեջանցիները, սև փափախները շատ արագ փոխարինեցին կարմիրով: Իսկ մենք դեգերում էինք եվրոպաներում և երազում ծովից ծով Հայաստան:
Ահա ա՛յս ախտով են 20 տարուց ավելի վարակել Հայաստանի ժողովրդին, վարակել ու խաբել են: Այս բախտախնդիրների աղմուկ-աղաղակից են վախեցել անգամ այն մարդիկ, որոնք շատ լավ հասկանում էին, թե Արցախի չլուծված հարցը ի՛նչ մարտահրավեր է մեզ համար: Այս ինքնասպան «տրամաբանությամբ» ՀՀ նոր իշխանությունը 2018 թվականից փորձեց հասնել առավելագույնին, բայց կորցրեց շատ ավելին, քան սպասում էինք:
Փաստորեն, 100 տարի հետո Հայաստանի վարչապետը ապիկարության, անհեռատեսության և դաշնակցական ախտի պատճառով (ի դեպ, 22-ամյա) ստիպված ստորագրել է մի թուղթ, որով փորձել է փրկել Հայաստանն ու Արցախի մնացորդը: Մոտավորապես Դրոյի արածն է:
Իսկ հիմա ամենավտանգավորը: Դարձյալ աղմկում են դաշնակցականները: Այո՛, իշխանությունը պետք է հեռանա, բայց այնպես, որ Հայաստանում անիշխանություն չլինի: Սակայն իրեն ընդդիմություն հորջորջող զանգվածն արդեն սպառնում է զինված մարդկանցով (լսե՛ք Էդմոն Մարուքյանին), իշխանությունն էլ առանձնապես հետ չի մնում. Ն. Փաշինյանի վրեժի կոչին հաջորդում են սոցցանցերում ակտիվորեն տարածվող լուրերը, որ կռված տղաները վերադառնում են՝ իշխանությանը զենքով պաշտպանելու:
Չի կարելի թույլ տալ, որ դաշնակցական ախտը կործանի առանց այդ էլ ծանր պարտություն կրած մեր փոքրիկ երկիրը: Իսկ դաշնակ կուսակցականները (խոսքս պարագլուխների մասին է) արդեն սովոր են. նրանք կփախչեն երկրից, իրենց մեղքերի համար քավության նոխազներ կգտնեն, արտասահմաններում կսիրեն պատմական հայրենիքը՝ հընթացս փող աշխատելով ազգային վերքերի վրա:
Զարուհի Գաբրիելյան