«Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերևս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եւ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»։
Լ․ Տեր-Պետրոսյան, 08․01․1998 թ․ ՀՀ ԱԽ նիստ
Ասված է 27 տարի առաջ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է իրականություն դառնում Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Տեսնո՞ւմ ենք։ Ցավոք, հայոց քաղաքական կոչվող ուժերը, քաղաքացիական կոչվող կազմակերպությունները, մտավոր վերնախավն ապրում են անցած տասնամյակների իներցիայով։
Ընտրություն, վարկանիշ, Գելլափի հարցում ու էլ չգիտեմինչ։ Ո՞ւմ եք խաբում։ Ինքներդ ձե՞զ, պատերազմից ու պարտությունից շփոթահար, չկողմնորոշվող հասարակությա՞նը։ Թե՞ հարմար է ԱԺ աթոռներին բազմելը, զանազան ալիքներով «իշխանությանը» քննադատելը։ Հարմար է։ Ո՛չ առողջություն եք կորցնում, ո՛չ էլ փող։
ՔՊ «գործիչներին» և արբանյակներին եք դիմում՝ հուսալով, որ մեջները մարդ կգտնվի ու կանսա ձեր աղերսներին։ Իզուր։ Իրապաշտական ժանրը նման շռայլություն թույլ չի տալիս։ Դերերը բաշխված են։ Դերերը պետք է կատարեն նույնիսկ այն մարդիկ, որոնց ժամանակին խելացի և ազնիվ ենք համարել։
Հիասթափեցնեմ։ 2026-ին ընտրություններ չեն լինելու։ Ավելի ճիշտ, մինչև 2026-ը «զանգ կախող» չունենալու դեպքում Նիկոլը բերելու է իր ընտրազանգվածը թշնամի երկրից և ընտրվելու է։ Այսինքն՝ Հայաստան չի լինելու։ Իսկ Հայաստանի կորստից հետո նեմեսիսներ մեզ պետք չեն։
Ոմանք վախեցնում են մեր երկրի ուկրաինացումով։ Սա էլ չի լինելու։ Ուկրաինան լավ կամ վատ դիմադրում է, ուկրաինացիները 40 միլիոն են։ Իսկ մե՞նք։
2020-ի նոյեմբերի 9-ից հետո պարզ էր, որ Հայաստանն իշխանություն չունի։ Իշխանության հարցն առաջնային էր։ Լուծեցի՞նք։ Ո՛չ։
2021-ի «ընտրությունները» ցույց տվեցին, որ ոչ միայն հասարակությունը չի լրջացել, այլև այդ հասարակության համար պատասխանատու վերնախավը։ ԱԺ աթոռներին համարյա 4 տարի բազմած ընդդիմությունը, քաղաքապետարանում ՔՊ լեգիտիմությունն ապահովող ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, բացի ճառեր ասելուց, ի՞նչ է արել։ Փողոցային պայքարը աչքս մի՛ մտցրեք։ Անիմաստ, հոգնեցնող և հիասթափեցնող գործողություններ էին, որոնք օգնում էին թշնամուն։
Դո՛ւրս եկեք իներցիայից։ Չկա քաղաքական կամ քաղաքացիական պայքար։ Գոնե 2020-ի աղետից հետո պետք է հասկանայինք, որ խնդիրն ազգային- ազատագրական է։ Ու մեզ իսկապես չեն ներելու։
Զարուհի Գաբրիելյան