...

Ընդդեմ քաղաքական բռնության

Ընդդեմ քաղաքական բռնության

Իշխանությունը, ավելի ճիշտ՝ չիշխանությունը համոզված է, որ մարսելու է հունիսի 12-ի բռնությունը, որովհետև ավանդաբար մարդու իրավունքները պաշտպանող միջազգայինները այսօր կարծես աչք են փակում իրենց այլանդակությունների վրա։ Բացի դրանից՝ 2008 թ․ մարտի մեկի կազմակերպիչները մարսեցին հանցագործությունը հենց ա՛յս իշխանության գործուն աջակցությամբ։ Եվ հիմա մարտիմեկյան ոճրագործության «մասնագետ» Անդրանիկ Քոչարյանը, հունիսի 12-ի մասին խոսելով, պնդում է ՝ զոհեր չեղան, որովհետև ոստիկանները պրոֆեսիոնալ աշխատեցին։ Ստացվում է, որ 2008-ին 10 զոհ ունեցանք, որովհետև ոստիկաններն արհեստավարժ չէին։

Այսօր Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Օր․՝ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը։ Այսօր բերման են ենթարկվում, ծեծի և ծաղրի ենթարկվում ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հասարակության ակտիվ հատվածը մի երկու օր զայրանում է, վրդովվում և խոսելու ուրիշ թեմա գտնում։ «Մոռանում է»։

Հիմա հարց․ ինչո՞ւ և ինչպե՞ս չպատժվեց, պաշտոնը պահպանեց բռնարարքներից գուցե ամենանողկալին իրականացրած Ալեն Սիմոնյանը։ Չէ՛, չի սպանել, չի ծեծել, ընդամենը թքել է մարդու վրա՝ թիկնապահներին կանխավ հրահանգելով ոլորել զոհի ձեռքերը։ Եվ քանի որ հասարակության մեծ մասը չհասկացավ այս արարքի նողկալիության աստիճանը, նա մարսեց և ղեկավարել ՀՀ Ազգային ժողովը, հանդես գալ երկրի անունից, այսինքն՝ մեր անունից։ Ծամածռվեցի՞ք։ Իզուր։ Մեր դեմքը հիմա սրանք են։

Վերադառնանք հունիսի 12-ի բռնարարքին։ Այն չի կարելի ոստիկանական անվանել, որովհետև ոստիկանությունը գործիք է։ Ցուցարարները ենթարկվել են քաղաքական բռնության քաղաքական իշխանության հրահանգով։ Ընդ որում, բնավ կարևոր չէ, թե ինչպես ենք վերաբերվում ցուցարարների քաղաքական կողմնորոշմանը։ Բռնությունը քաղաքական էր ճիշտ այնպես, ինչպես 2008-ի մարտի մեկին էր։ Այսինքն՝ քաղաքական բռնությունը չի կարելի գնահատել՝ ըստ նպատակահարմարության։ «Եթե «մերոնք» չեն, ուրեմն լռենք» սկզբունքը վտանգավոր է, որովհետև հաջորդը կարող են նաև «մերոնք» լինել։ 

Հետևաբար՝ իշխանությունը և «միջազգային հանրությունը» պետք է իմանան, որ Հայաստանում բռնարարքները չեն ներվելու, չեն մոռացվելու։ Եվ դա մենք պետք է անենք։ Այսինքն՝ կարևորն անկարևորից պետք է տարբերակենք։ 

Այսպես, բնավ կարևոր չէ, թե ինչ «հանճարեղ» միտք է արտադրում ազգակործանը կամ նրա թիմակիցը։ Կարևոր է համառորեն հիշեցնել, որ «ժողովրդավարության բաստիոնում» քաղբանտարկյալներ կան, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նողկալի բռնարարք իրականացնող է, որ իշխանության բարձր ամբիոններից ամեն օր ատելության խոսք է հնչում, որ ոստիկանն ընդամենը իշխանավորի գործիքն է քաղաքական հակառակորդների դեմ։

Վստահ եմ՝ սա հասարակության առողջացման միջոցներից մեկն է։

Զարուհի Գաբրիելյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ