...

Ձեր պարտության տանգոն կամ (հաղթանակը չներողը ներել է պարտությունը)

Ձեր պարտության տանգոն կամ (հաղթանակը չներողը ներել է պարտությունը)

Հաղթական պատերազմի տարիներից միայն «ցուրտ ու մութ» հիշողները, բնականաբար, պետք է ներեն պարտությունը։ Իսկ գիտնական Նախագահին չհանդուրժողները պետք է հանդուրժեն կիսագրագետ վերնախավին։ 

Ինչո՞ւ ենք մտել ներել-չներելու տիրույթը։

Հոդվածի առիթը ԱԺ թքող խոսնակի ներողությունն է, սակայն բուն պատճառը ներողությունների տարափն է, որ հասարակության գլխին թափվում է 2018-ից ի վեր։

Մի՛ ծուլացեք, գուգլե՛ք, և կգտնեք Նիկոլ Փաշինյանի ներողությունների շարքը։ Օր․՝ 2019 թ․-ին Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Նար-Դոսից, ԱԺ պատգամավորներից, հեռուստադիտողներից, նույն թվականի մարտի մեկին ներողություն է խնդրել «ընտրակեղծիքների զոհերից», հատկապես՝ Վազգեն Մանուկյանից, 2020-ի մարտի 11-ին ներողություն է խնդրել կուրթանցի Մեխակից, իսկ արդեն պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 24-ին ներողություն է խնդրել գերիների և անհետ կորածների հարազատներից։ 2021-ի մարտի մեկի ներողությունը նախընտրական էր և իր ցինիզմով իսկապես աննախադեպ։ Ահա մի հատված դրանից․ «Բոլորից ներողություն եմ խնդրում իմ և մեր բոլոր սխալների համար: Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Կարելի է թվարկել կոնկրետ դեպքեր, բայց սխալների մեծագույն պատճառներից մեկը եղել է սիրված լինելը ժողովրդի կողմից: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել այդ սերը և մեր սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ կատարյալ անել, ինչը հաճախ բերել է անգործության»։ Բա՛, պատերազմը, պարտությունը, բազմահազար զոհերը, գերիները, անհետ կորածները, հայրենիքի կորուստը սիրված լինելու հետևանք էին։ Ժողովուրդը սրա՛նց՝ պարտվածներին, ջախջախողներին, ստախոսներին ու պռատներին է սիրում և ներում։ Ներում է պատերազմը և սեփական զավակների նահատակությունը, ներում է, ուրեմն մեղավորն ինքն է՝ ժողովուրդը։

2023-ի հունվարի 28-ին էլ ՀՀ վարչապետը ներողություն է խնդրել Գեղարքունիքի մարզում հրդեհի զոհ դարձած և բանակում պետության թույլ տված սխալների հետևանքով ծագած իրավիճակների զոհ դարձած զինվորների ծնողներից և հարազատներից։ Հիշո՞ւմ եք, այս տարվա հունվարի 19-ի գիշերը զորամասերից մեկում հրդեհ էր։ Հիշո՞ւմ եք՝ 15 երիտասարդներ հրդեհի զոհ դարձան։ Իսկ հիշո՞ւմ եք, որ ձեր վարչապետը մեղավոր կարգեց ազգային գենետիկան։ Արդեն չե՞ք հիշում։ Հիշեցնո՛ւմ ենք։

Ուրեմն Նիկոլը գտել է ձևը։ Աննախադեպ ցինիզմով ներողություններ է խնդրում և շարունակում իր գործը՝ Հայաստանը վերջնականապես քարտեզից ջնջելը։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև մարսեց պատերազմը։ Ում օգնությամբ, ինչպես՝ էական չէ։ Փաստն այն է, որ մարսեց։ 

Ուրեմն Ալեն Սիմոնյանն էլ հանգիստ կմարսի թքելը։ Որովհետև ՀՀ բնակչությունը, ի մասնավորի՝ իրեն մտածող համարող նրա մասը թքած ունի երկրի վարկի վրա, հետևաբար նաև երկրի գոյության վրա։

Մի բան էլ հիշեցնենք։ Քանի դեռ Նիկոլն ու Ալենը, իրենց ներողություններով և թքագեղձերով հանդերձ, իշխանություն են, մենք բոլորս աշխարհին և ինքներս մեզ ներկայանում ենք նրանց կերպարով։

Մտածե՛ք և մի՛ ասեք «վաղ թե ուշ պատժվելու են», «պատմությունը չի ներում» և այլն։ Ժամանակ չունենք։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   13932 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ