...

Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը պետականությա՛ն մասին է

Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը պետականությա՛ն մասին է

«Այժմ վերադառնանք Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի աններելի արարքին։ Ի դեպ, աններելին այս պարագայում սոսկ բառ չէ, այլ դրա տակ ենթադրվում է, որ Ազգային ժողովը, և, առաջին հերթին, վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենևին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջև մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը»,- գրում է Նախագահը։

Ընդգծում ենք «նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ հարվածն է» արտահայտությունը։ Բացատրում ենք պետականություն և վարկ բառերը։

Պետականություն նշանակում է ինքնիշխանություն։

Այսինքն՝ պետականություն ունենալը նշանակում է չլինել այլ պետության կազմում, չլինել օտար ազգի ստրուկ, օրինակ՝ թուրքի։

Վարկ նշանակում է հեղինակություն, պատիվ։ 

Հիմա ամբողջացնենք։ Պետականությունը, ինքնիշխանությունը պատիվ են ցանկացած ազգի համար։ Պետականություն ունեցող ազգը պետք է պաշտպանի իր պատիվը՝ վարկը։

Ինչո՞ւ է ԱԺ նախագահի արարքը անպատվություն ամբողջ պետության համար։ Որովհետև ցանկացած, նույնիսկ ոչ դեմոկրատական պետության մեջ նման այլանդակությունը կարժանանար հասարակական պարսավանքի, իսկ արարքը կատարող անձը կզրկվեր պաշտոնից։ Գոնե։ Նշենք նաև, որ նույնիսկ այսօրվա Հայաստանում, եթե այսպիսի խայտառակ բան աներ, օրինակ, Սիմոն Ալենյանը, որն ԱԺ նախագահ չէ, կդատվեր առնվազն խուլիգանության համար։

Ցավոք, հասարակական պարսավանքն այնքան թույլ գործիք է դարձել մեր երկրում, որ ԱԺ նախագահի, նրա կուսակիցների պահվածքը հրապարակայնորեն պաշտպանողներ կան։ 

Այսինքն՝ մենք այնքան տկար ենք, որ չենք կարողանում տեր կանգնել մեր պետության պատվին, ուրեմն և մեր անձնական պատվին։

Մենք չենք կարողանում այնպիսի մթնոլորտ ստեղծել երկրում, որ նման մարդը պաշտոնանկ արվի, իսկ նրան ինքնամոռաց պաշտպանող պատեհապաշտները գոնե լռեն։ 

Հետևաբար մտածող մարդիկ լռելու իրավունք չունեն, որովհետև պետության միջազգային վարկը նաև բոլորիս անվտանգությունն ապահովելու միջոցներից մեկն է։

Սրանք շատ պարզ բաներ են, որոնք կարծես դժվար ենք հասկանում։

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Բնավ զարմանալի չէ, որ պետականության վարկի և մեր ժողովրդի պատվի համար անհանգստանում է ՀՀ առաջին Նախագահը։ Մյուսները լուռ են։

ՎԱՐԿԱՆԻՇ

   8073 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ