...

Ղզիկլամիշ

Ղզիկլամիշ

Եվրոպական մեղքեր

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանով ավարտվում է հերթական շաբաթը: 

Բնականաբար, մեր իշխանավորներն առիթը բաց չեն թողնում իրենց սերն առ Եվրոպա արտահայտելու համար: Սա բնական է՝ հաշվի առնելով վերջին շրջանում Արևմուտքի դռները պարբերաբար թակելու փորձերը: 

Բայց նաև առիթ է սեփական անհաջողությունները վերագրելու նույն Արևմուտքին: Ինչպես դա արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս վեհաժողովում իր ելույթի ժամանակ ասել է հետևյալը. «Ես և իմ մի շարք գործընկերներ երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո։

Սակայն, միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր»:

Այսինքն, միջազգային հանրությունն է մեղավոր, որ ունենք այն, ինչ ունենք: Ափսոս, նստաշրջանին ներկա գտնվող պատվիրակներից որևէ մեկը չհակադարձեց Ալեն Սիմոնյանին, թե բալամ, էդ որ ասում ես, թե ահազանգել ես, բան չենք արել, ձեր երկրի ղեկավարներից մեկը դեռ 1997-ից էր ահազանգում, որ Ղարաբաղը կորցնելու եք, եթե չլրջանաք, բա դուք ի՞նչ եք արել, որ բանը դրան չհասնի: Համարժեք ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել: Ոչ մի: Արդյունքում ունեք այն, ինչ ունեք, մեզ ինչի՞ եք խառնում ձեր պարտություններին: Արցախի հարցը արժանապատվորեն լուծելու հազար ու մի շանս եք ունեցել, մեռանք ձեզ բացատրելով, խնդրելով, համոզելով, գլուխներդ բան չմտավ, մենակ ճվճվում էիք, թե Արցախը Հայաստան է ու վերջ: 

Ափսոս, որ որևէ մեկը դա չասաց: 

Դուխով և ճվճվոցով

Ճվճվալ ասացինք, հիշեցինք. հիմա Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե ոնց փոխի 1990 թվականի Անկախության հռչակագրի տեքստը: Այնտեղ մի քանի մուխանաթ պահեր կան, որոնք կարող են խանգարել «Խաղաղության խաչմերուկի» երթևեկությանը: Ինչ-որ Արցախի ինքնորոշման մասին ակնարկ կա, Ցեղասպանության մասին մտքեր կան, շատ են համը հանում: Խեղճը գիշերը չի քնում:

Բայց մինչև 1990 թիվը դեռ երկար ժամանակ կա, հիմա ինքը հասել է 1996 թվի խմբագրմանը: Խմբագրի հոգին բզեց, որ հայտարարի, թե Ղարաբաղը կորցրել ենք նաև 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում ընդունված հայտարարության, որոշման, մտադրության... մի խոսքով, նման մի բանի պատճառով: Բայց կոնկրետ չի ասում, թե ինչի պատճառով: 1996-ին սեղանին դրված է եղել մի փաստաթուղթ, որը չի ընդունվել, քանի որ Հայաստանը վետո է դրել: Այդքան դուխով է եղել Հայաստանը: Ու այդքան դուխով էր Տեր-Պետրոսյանը: Դուխով չլիներ, Լիսաբոնում տակը լցրած կհայտարարեր. «Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, 86 հազար 400 քառակուսի կիլոմետր, ոչ մի թիզ պակաս, հա, քիչ էր մնում մոռանայի, Ղարաբաղն էլ մեջը: Խնդրում եմ սա ֆիքսել արձանագրության մեջ»: Այ, եթե ստորագրեր ու նման բաներ հայտարարեր, կասեին՝ Լևոն-կապիտուլյանտ: Ասողներից մեկն էլ հաստատ «Լրագրի» լրագրող Ն.Փ.-ն էր լինելու:

Բայց, թարսի պես, Տեր-Պետրոսյանը իր պաշտոնավարման ընթացքում չի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվեր Ադրբեջանի տարածք, կամ Արցախի հարցը լուծվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ընդհակառակը, եսիմ ինչ է արել, Արցախը ճանաչվել է հակամարտության կողմ, բանակցություններին ինքնուրույն է մասնակցել, չի ստորագրել որևէ համաձայնագիր, թղթի կտոր, հայտարարություն, որով տարածքներ հանձներ Ադրբեջանին, զորքերը ետ քաշեր Արցախից... դրա համար մի քիչ դժվար է, էլի, Առաջին նախագահին կապիտուլյանտ անվանելը: Ընդհակառակը, իր օրոք հաղթել ենք, իրեն հաղթող ղեկավար են համարում: 

Չնայած, Առաջին նախագահին դավաճան ու կապիտուլյանտ անվանողներ էլ են եղել: Առաջին հերթին նրանք, ովքեր 25 տարի շարունակ հայտարարում էին, թե Ղարաբաղի հարցը լուծված է, մենք զիջելու բան չունենք, Արցախը Հայաստան է ու պրծ: Այսինքն՝ Արցախի գերեզմանափորերը: 

Ու հիմա դաշտը մնացել է այս գերեզմանափորերին, կամ ճվճվաններին, կամ պարզապես ղզիկներին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   664 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ