...

Գիտակցված մեղքի ծառաները

Գիտակցված մեղքի ծառաները

Այդպիսիք էին, օրինակ, նախորդ դարի 30-ականներին Ստալինին ծառայող կուսակցական բոսսերը։ Նրանցից ոմանք շատ լավ հասկանում էին, թե «ժողովուրդների հայրը» ինչպիսի հանցագործությունների մեջ է թաթախված, թե համընդհանուր երջանկություն խոստացող հեղափոխությունն ինչ աղետ է դարձել, բայց շարունակում էին ծառայել առաջնորդին։ Նրանցից մեկի՝ Միխայիլ Կալինինի կնոջը, օրինակ, Սիբիր էին աքսորել։ Իրեն՝ Մ․ Կալինինին, սակայն, գործից չէին հանել, ինքը պաշտոնավարում էր որպես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ։ Մեկի կնոջն էին աքսորել, մյուսի՝ եղբորը, հեռավոր ազգականների և ընկերների մասին չենք խոսում։ Ինչի՞ց էին վախենում բռնապետին ծառայողները․ գուցե մահից, բայց ավելի շատ՝ պաշտոնը կորցնելուց։

Ինչո՞ւ ենք սրանց հիշել։ Որովհետև մեր աչքի առջև է ժողովրդական վարչապետի և նրա շքախմբի պերճանքն ու թշվառությունը։

Անդրադառնանք շքախմբին։ Ովքե՞ր էին նրանք «հեղափոխությունից» առաջ։ Եկե՛ք Երևան և հարցրե՛ք։ Ո՛չ, նրանք Պանիկովսկու նման կույր մուրացկաններ չէին։ Նրանցից ոմանք անգամ ընդդիմություն էին, խելոք մտքեր էին արտահայտում, պայքարում ռեժիմի դեմ։ Ոմանք պետական պաշտոններ էին զբաղեցրել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և շատ լավ գիտեին, թե ինչպես է կերտվել պետությունը, ինչ զոհողությունների ու ջանքերի գնով ենք հասել հաղթանակի, գիտեին՝ ում մտքի շնորհիվ է Հայաստանը կարողացել դուրս գալ վտանգավոր իրադրություններից։ 

Օրինակ, այժմ ՀՀ նախագահի պաշտոն զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը ժամանակին բնավ անմեղսունակի տպավորություն չէր թողնում, և ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս մարդը կդառնա պատուհասի խամաճիկ։

Նույնն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ Վազգեն Սարգսյանի զինակիցը։ Չենք կասկածում, որ նա գիտակցում է, թե ինչ աղետ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիտակցում է, բայց ծառայում է աղետին։

Գործարար Խաչատուր Սուքիասյանը նույնպես քաղաքական թիմի երդվյալ անդամ է։ Թեպետ միշտ ձգտել է տարբերվել հայաստանյան մյուս գործարարներից՝ ինտելեկտուալ ներկայանալով։ Բայց ինչպե՞ս է հաջողվում ինտելեկտուալին պարզագույն ճշմարտություններ չհասկանալը, անմեղսունակ ձևանալը։ Չնայած գլխավոր հարցն այս պարագայում ոչ թե ինչպես-ն է, այլ ինչու-ն։ 

Այդ ինչու-ի պատասխանում Հայաստանն ու Արցախը չկան։ Պաշտպանության և անվտանգության հարցերով զբաղվողի համար երկրի անվտանգությունը չկա, խամաճիկ նախագահի համար պետությունը չկա, ինտելեկտուալ գործարարի համար ո՛չ ինտելեկտը կա, ո՛չ էլ երկրին օգուտ տվող գործը։ Կա միայն պարզունակ շահը՝ պաշտոնը, որը, անշուշտ, բարեկեցության գրավական է։ 

ՔՊ-ական թիմի մնացած «գործիչների» մասին չենք խոսում։ Թերևս մեկին հիշատակենք՝ Գրիգոր Մինասյանին, որի հոր դեմ քրգործ են հարուցել։ Համարյա Կալինին է։

Եզրակացնենք։ Սրանք նույնիսկ բոլշևիկներ չեն, որովհետև սրանց ղեկավարը հրեշ Ստալինը չէ։ Սրանք ավելի մանր են, որովհետև ծառայում և քծնում են մեկին, որը երկիր է վերացնում։ 

Ընդգծենք՝ ծառայում են գիտակցված, ոչ մեկն էլ անմեղսունակ չէ, ինչպես գիժ չէ նաև իրենց ղեկավարը։ Ուրեմն ի՞նչ են։ Ինքնե՛րդ պատասխանեք։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ