Հայաստանը կործանման տանող ուժերի կարկառուն ներկայացուցիչներին ասենք՝ ձեր լավագույն ապաստարանը ՀՀ բանտն է։ Բայց մինչև այս թեորեմն ապացուցելը անդրադառնանք վերջին օրերի իրադարձություններին։
Հայաստանում ծավալված ցույցերի ֆոնին իշխանության և նրա ձայնակցողների խոսքը աբսուրդի նորանոր ռեկորդներ է սահմանում։ Մամուլում և սոցցանցերում արդեն նկատել են, որ նիկոլականների արտահայտչամիջոցները կրկնում են բոլշևիկների ամենակատաղի խոսույթը։ Գուցե զարմանաք, սակայն ամենաաբսուրդայինը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արամ Զ․ Սարգսյանի կամ Լևոն Շիրինյանի հերթական «միտքն» է, այլ ինտելեկտ ունեցող, գրող և նույնիսկ թարգմանիչ Հակոբ Մովսեսինը։ Ահա այն․ «Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել»։ Սա ասվում է Հայաստանի մասին, սա ասվում է՝ ի պաշտպանություն մի իշխանության, որի գործունեության արդյունքը 2020-ի պատերազմն էր, բազմահազար զոհերը, Արցախի հայաթափումը, Հայաստանի տարածքի անշեղ նվազումը։ Սա ասողը չի կարող չգիտակցել, որ այսօր հարցականի տակ է պետության ֆիզիկական գոյությունը։ Չի կարող չհասկանալ, բայց ասում է։ Հանուն ինչի՞։ Ճիշտ եք։ Հանուն մի թշվառ պաշտոնիկի։
Հանուն թշվառ պաշտոնի կամ պաշտոնիկի, հանուն մի քանի հազար կամ մի քանի միլիոն դոլարի ծառայում են Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ Իլհամ Ալիևին։ Չե՞ն հասկանում։ Հասկանում են։ Օրինակ՝ Արսեն Թորոսյանը, որը վերջերս չափազանց մեծ ակտիվությամբ է լծվել Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարին, մտավոր հետամնացի տպավորություն երբեք չի թողել։ Ուրեմն ինչո՞ւ է ինքն իրեն խայտառակում։ Ճիշտ եք։ Նա նախարար էր քովիդի ժամանակ։ Ուրեմն․․․ Մնացածն ինքներդ գլխի ընկաք։
Երբեմնի ընդդիմադիր Վահագն Խաչատուրյանը ինչպե՞ս է արդարացնում քաղաքական բռնությունները և խայտառակվում։ Այդպես։ Հրաշալի աշխատանք ունի։ Երկիրն ինչի՞ն է պետք։ Վտանգի պահին Հայաստանը լքող ինքնաթիռում տեղ կունենա, մի տաքուկ երկրում կանցկացնի ծերության վերջին օրերը։
Այսպես են մտածում ՔՊ վերնախավի բոլոր ներկայացուցիչները, նրանց հարողները։
Հիասթափեցնենք։ Դուք, տիկնա՛յք և պարոնա՛յք, սպանում եք երկիրը։ Դուք շարքային քիլլերներ եք։ Իսկ քիլլերներին սպանում են, վերացնում են հանցանքի հետքերը։
Այնպես որ իզուր եք հայերից վախենում։ Ձեր լավագույն ապաստարանը Հայաստանում է, հայկակա՛ն Հայաստանում։ Որովհետև ձեզ վերացնելու են ձեր պատվիրատուները։
Զարուհի Գաբրիելյան