Շատ լավ հասկանալով մայիսի 28-ի խորհուրդը՝ պարտավոր եմ, այնուամենայնիվ, հիշեցնել․ մենք ունենք նաև սեպտեմբերի 21։
Ի հեճուկս մեր պատմության խորհրդանշական թվականները հակադրողների, ի հեճուկս մեր պատմության կարևոր իրադարձությունները և անգամ մեր ապրածը խեղաթյուրողների՝ արժևորենք անկախության առաջին տարիները՝ 1988-1998-ը։
1991 թ․ սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի իրավական անկախության օրը, կարևոր սկիզբ էր։ Ի՞նչ վիճակում էինք սկսում անկախության գործընթացը։ Կասեք՝ գիտենք։ Բայց ստիպված ենք սեղմ հիշեցնել, որպեսզի ազատվեք պրոպագանդիստների և զանազան գործակալական ցանցերի տարածած այլանդակ, անտրամաբանական, բայց շատերի ուղեղներում հինավորապես նստած միֆերից։ Հսկա կայսրության՝ ԽՍՀՄ-ի փլուզումը քաոս էր ստեղծել դրա ամբողջ տարածքում։ Հայաստանն ամենախոցվածն էր։ Գործնականում սկսված պատերազմ, 1988-ի ավերիչ երկրաշարժ, հին համակարգերի անգործություն, տնտեսական շրջափակում, փակված ատոմակայան և այլն։ Մի խոսքով՝ քաոսի բարձրագույն աստիճանը։ Սրանից պետք էր գլուխ հանել։ Ոչ մի կերպ չենք թերագնահատի ճակատում կռվողների ոգին և քաջությունը։ Սակայն միայն ոգով և քաջությամբ պետականություն չեն կերտում, պարտադրված պատերազմում չեն հաղթում։ Քաոսից դուրս են գալիս բանականությամբ, ինտելեկտով․ ուրիշ ճանապարհ չկա։ Հետևաբար մեր անկախության առաջին տարիները չի կարելի խեղաթյուրել, չի կարելի դրանք ուսանելի չհամարել։
Կարող եք այդ տարիների առաջնորդի անունը չտալ։ Բայց նրանից սովորել պարտավոր եք։ Համոզված եմ՝ ինքը սին փառքի կարիքը չունի։
Միայն մի փաստ հաշվի առնենք։ Ցավոք, մայիսի 28-ին հիմնադրված մեր առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ։ Իսկ սեպտեմբերի 21-ին անկախացած Հայաստանի պետական հիմքերը, ի հեճուկս չարախոսների և КГБ-ական առասպելաբանների, այնքան ճիշտ էին դրված (ավելի ճիշտ՝ գիտականորեն ճշգրիտ), որ 98-ից ի վեր քայքայվելով՝ դիմանում են մինչև հիմա։
Դարձյալ ցավոք․ պետք է արձանագրենք, որ եթե 91-ից սկսյալ՝ քաոսից շարժվում էինք դեպի նորմալ, կենսունակ պետություն, ապա հատկապես 2020-ի պատերազմից հետո գլորվում ենք դեպի քաոս։ Արդեն գլորվել ենք։ Ուստի քաոսից դուրս գալ է պետք։ Եվ քանի որ այսօր հաճախ ենք լսում պատմությունից դասեր առնելու կոչեր, ասենք՝ մի՛ փնտրեք հեռվում՝ 4-րդ կամ 5-րդ դարում այն, ինչ մոտ է։ Փշրե՛ք օտարածին միֆերը, սովորե՛ք մեր անկախության առաջին տարիների առաջնորդներից։ Կրկնեմ՝ անունը մի՛ տվեք, բայց սովորե՛ք։
Զարուհի Գաբրիելյան