...

Ինչո՞ւ եք զարմանում

Ինչո՞ւ եք զարմանում

Ինչո՞ւ եք զարմանում, որ այս իշխանությունը որոշում է քաշքշել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Սա մի՛ վերագրեք իշխանավորների փոքրոգությանը, մանր վրեժխնդրությանը, թեպետ այս երևույթներն էլ կան։ Սա հարձակում է հայկական այն միակ կազմակերպության դեմ, որի կառուցվածքային քայքայումը դեռ չեն կազմակերպել իրենց տերերի հրահանգով։

Ընդ որում, սա հայտարարված պատերազմ է հայկական մտավոր վերնախավի դեմ։ 

Այս պնդումը հաստատելու համար մեջբերում անեմ վարչապետի մայիսի 28-ի ելույթից․ «Եվ Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ․․․»։ Հասկացա՞ք։ 

Դե հիմա հիշեք՝ ովքե՞ր էին ոչնչացնում հայկական մտավոր վերնախավը։ Այո՛, ճիշտ եք․ դա անում էին օտար նվաճողները։ 20-րդ դարում՝ թուրքերը և բոլշևիկները։ Ինչո՞ւ։ Որովհետև ցանկացած թշնամի գիտի․ միայն մտավոր վերնախավ ունեցող ժողովուրդներն են կենսունակ։ 

1990-ականների սկզբից օտարին ծառայող գործակալական ցանցերը կատաղի պայքար սկսեցին անկախ Հայաստանի մտավորական իշխանության դեմ։ Ընդ որում՝ օգտագործեցին մեր մտավորականներին, նորաթուխ քաղաքական գործիչներին և նրանց թուլությունները։

Բայց եթե այն ժամանակ հարձակումը թաքուն էր, այժմ բացահայտ է։

Մեր արևմտամետների աչքից հեռու, բայց նրանց եվրոպական խորհրդանիշն օգտագործում է բոլշևիկյան մեթոդներ և անգամ բառապաշար։ 

Սակայն թողնենք նրա բառապաշարը, և տեսնենք կոնկրետ գործերը։

Այսպես, իշխանավարման հենց առաջին շրջանում «անպետք» հայտարարվեցին հայագիտական առարկաները։ Մենք ընկանք տվայտանքների մեջ, սկսեցինք երկար ու ձիգ դատողություններ անել, փնովել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դասավանդումը, որոնք, իրապես, բազմաթիվ բացեր ունեն, սակայն խնդիրն այդ առարկաների ուսուցումը բարելավելը չէր, խնդիրը հայկականը օտարին ստորադասելն էր։

«Ակադեմիական քաղաք» կոչված խայտառակ ծրագիրը միտված է հայկական բարձրագույն կրթության դեմ։ Այս իշխանությունը, խաղալով հասարակության պարզունակ պատկերացումների վրա, փորձում է ամեն կերպ քայքայել արդեն կայացած հայկական, հայախոս բուհերը։ Հատուկ թշնամի է 100-ամյա ԵՊՀ-ն։ Տեղեկացնենք հասարակությանը և մեր ընթերցողներին, որ ոչ մի նորմալ երկրում կայացած համալսարանները չեն քանդում, եթե, իհարկե, իշխանությունը պաշտպանում է այդ երկրի շահը։ Հայկական, հայալեզու բարձրագույն կրթության նկատմամբ այսպիսի գործելակերպը մեկ նպատակ ունի՝ ժողովրդին զրկել մտավոր վերնախավից։ Գուցե նաև իրենց կարճ ուղեղով մտածել են, որ իրենց իշխանությունը հավերժացնելու համար պետք է Երևանի կենտրոնն ապահովագրել անհնազանդության օջախներից։

Մի խոսքով, բնավ զարմանալու կարիք չկա։ Մտավոր վերնախավը միշտ խանգարել է թշնամուն, որի նպատակը ժողովրդի ոչնչացումն է։ Ուղղակի պետք է խելքներս գլուխներս հավաքենք և ազատվենք չարիքից։ 

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Հիշե՛ք նաև, որ հայկական ամենակարևոր կառույցի՝ բանակի մեջքը ջարդեցին 2020-ին։ Հիշե՛ք ու մտածե՛ք՝ ինչպես, ինչու։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   685 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ