...

Բանականությունը սպանող հին ու նոր միֆերը

Բանականությունը սպանող հին ու նոր միֆերը

Իրականության սթափ գիտակցումը սպանելու լավագույն միջոցը միֆեր տարածելն է։ Իսկ ո՞ւմ է պետք, որ մենք՝ հայերս, կորցնենք բանական դատելու, բանական արարած մնալու շնորհը։ Պատասխանը միակն է․ դա պետք է թշնամուն։ Այսինքն՝ Հայաստանի այսօրվա ողբերգության հիմնական շահառուն Ադրբեջանն է՝ Թուրիքայի հզոր աջակցությամբ։ Անշուշտ, կործանարար այս քաոսում իրենց շահերն ունեն թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը։ Բայց խոսքը, այնուամենայնիվ, մեր մասին է։

Դառնանք միֆերին։ Թարմացնենք մեր հիշողությունը, մի քիչ էլ տեղյակ պահենք այն երիտասարդներին, որոնք, օրինակ, 1992 թ․ մայիսի 9-ին կա՛մ մսուր- մանկապարտեզի տարիքի էին, կա՛մ դեռ չէին ծնվել։

Այդ օրը Արցախը պաշտպանող հայկական զինված ուժերը գրավեցին Շուշին։ Սա միայն խորհրդանշական հաղթանակ չէր։ Շուշին գրավելով՝ մենք փրկում էինք Ստեփանակերտը՝ Արցախի մայրաքաղաքը։ Բայց հենց այդ հաղթական օրերին շրջանառվող միֆերը միտված էին հաղթանակն արժեզրկելուն, հաղթանակի էությունը նենգափոխելուն։ Ի՞նչ էին ակտիվորեն տարածում հայ վայ-մտավորականների միջոցով․ ա) Շուշին գրավել ենք ռուսների շնորհիվ, բ) Լևոն Տեր-Պետրոսյանը դրա հետ կապ չունի, նույնիսկ դեմ է։ Պարզաբանենք․ առաջին պնդումը նվաստացուցիչ էր հայերիս համար, ընդգծում էր մեր թուլությունը, անկարողությունը, երկրորդն ուղղակի հարվածում էր անկախ պետականությանը՝ պետության ղեկավարին հրեշավոր մեղադրանք ներկայացնելով։ Ինչո՞ւ։ Որովհետև թշնամին սովոր չէր բանական, իրատեսական քաղաքականություն վարող, իր երկիրը կազմակերպված զինուժով պաշտպանող հայի կերպարին։ Այդ հայի հետ դժվար էր մրցակցելը, այդ հային հաղթել չհաջողվեց։ Չէր էլ հաջողվելու, եթե չլիներ հենց մեր գործուն աջակցությունը։ Դրա կարևոր բաղադրիչը նվաստացուցիչ միֆերը պետական գաղափարախոսության մակարդակի հասցնելն էր։

Հին միֆերը, որոնք Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը վերագրում են ոգուն, հերոս ֆիդայիներին, բայց ոչ պետության ղեկավարի ոսկերչական աշխատանքին, այժմ փոխարինվում են այլ միֆերով, որոնք թեև ուղղվածությամբ տարբեր են, սակայն բնույթով նույնն են։ Քաղաքական միֆը, այն էլ Հայաստանում հստակ կառուցվածք ունի, որի կարևոր բաղադիչներն են կերպարները՝ թշնամիների և բարեկամների։ Ինչպես արդեն կռահում եք այսօր գլխավոր թշնամի է հայտարարվել Ռուսաստանը, իսկ բարեկամ՝ Արևմուտքը (ի դեպ, վաղը դերերը կարող են փոխվել)։ Թշնամիները լինում են երկու տեսակի՝ արտաքին և ներքին։ Արտաքինն արդեն նշեցինք, իսկ ներքինը բոլորիս քաջ հայտնի է արդեն առնվազն 6 տարի. նախկիններն են։ 

Ահա այս պարզունակ սխեմայում որպես Հայաստանի «ինքնիշխանության» պաշտպան տեղավորվում է Արցախյան 44-օրյա պատերազմում ջախջախված, Արցախի հայաթափումը կազմակերպած, Հայաստանը Ադրբեջանի քմահաճույքին հանձնած իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը և նրան ծառայող մարդիկ պնդում են, որ Հայաստանը մինչև այսօր ինքնիշխան չի եղել, նոր է դառնալու։ Նրանք ջնջում են մեր պատմությունը՝ պնդելով՝ բոբոները՝ Ռուսաստանը և նախկիններն են մեղավոր, թեպետ շատ լավ հասկանում են, որ ժողովրդավարության, արևմտյան արժեքների, «ինքնիշխանության» իրենց սիմվոլը՝ Նիկոլ Փաշինյանը «թաքուն» պայմանավորվում է բոբոների հետ։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի «ինքնիշխանությունը» Հայաստանը դարձրել է տարածաշրջանի «բոքսի տանձ», նրանց չի հուզում։ Չե՞ն հասկանում, որ «ինքնիշխանի» իրական պատվիրատուները Բաքվում և Մոսկվայում են։ Հասկանում են։ Բայց դե միֆ է, պետք է տարածել։ Չէ՞ որ դա իրենց հացն է։ Եվ նրանց համար փույթ չէ, որ տիկնիկավարն Ի․ Ալիևն է։

Զարուհի Գաբրիելյան 

(շարունակելի)

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1597 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ