...

«Գաղափարի․․․ դևականացումը»

«Գաղափարի․․․ դևականացումը»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա գրառումը վերջին շրջանի գլուխգործոցներից է ոչ թե լեզվաոճական առանձնահատկություններով կամ բովանդակային բացառիկությամբ, այլ իր առաջնորդի և թիմակիցների իրավամբ աննախադեպ պնդերեսությամբ։ Նկատենք՝ եթե կան հավաքական կերպարներ, ապա լինում են նաև այդ կերպարների էությունը դրսևորող «հավաքական» տեքստեր, որոնցից մեկն էլ վերոնշյալն է։ Ահավասիկ դրա առաջին հատվածը․

«Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ։

Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որպեսզի շարունակի մեր երկիրը և ժողովրդին կեղեքելու իր վաղեմի սովորությունը» (Ոչ թե «դևականացում», այլ գոնե «դիվականացում»

Հասկանում ենք՝ ինչ-որ բան է կարդացել անձի դեմոնիզացիայի և դրան զուգահեռ գաղափարն արժեզրկելու մասին (օր․՝ «Անձը թիրախավորելով՝ արժեզրկել են գործն ու գաղափարը»)։ Կարդացել է, բայց լավ չի հասկացել։ Բացատրենք։ Խաղաղության գաղափարն արժեզրկելու ոչմիթիզական քարոզի գագաթնակետը հենց իր առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունն էր 2015-2020 թթ․։ Կրկին հիշեցնենք, որ ՀՀ ներկայիս վարչապետը դեռ 2016 թ․ ՊՊԾ գնդի գրավման օրերին Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին մեղադրում էր հողեր հանձնելու նպատակի համար։ Իսկ իշխանության գալուց հետո, հերոսացման մարմաջով տարված, գոռում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ 

2019 թ․ հունիսին, երբ Արսեն Թորոսյանը դարձավ ՔՊ վարչության անդամ, Նիկոլ Փաշինյանը մերժեց Արցախյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի առաջարկը՝ շատ լավ հասկանալով, որ երկիրը տանում է դեպի պատերազմ։ Եվ տարավ։ Տարավ ու պատերազմը արագ դադարեցնելու փոխարեն՝ հերոսանալու նույն մարմաջով ջախջախեց ամեն ինչ, նաև Հայաստանի ինքնիշխանությունը։

Իսկ ի՞նչ էր անում այդ օրերին ՀՀ առողջապահության նախարարը։ Արդյո՞ք համարձակվել է վարչապետի ականջին խաղաղության մասին որևէ բան շշնջալ։ Պատերազմից առաջ քանի՞ կոպեկ արժեր պրն Թորոսյանի համար խաղաղության գաղափարը։ Սա մեկ։

Երկրորդ․ ՔՊ-ում  «չեն հասկանում», որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ անդամներն էին ժամանակին, անգամ 2017 թ․-ին խոսում խաղաղությունից, իրավունք ունեին, որովհետև Հայաստանը հաղթող կողմ էր, հայկական բանակի ողնաշարը անգրագետ քաղաքականությամբ չէր կոտրվել։ Իսկ իրենք՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, դրա իրավունքը չունեն, որովհետև պատերազմ ու պարտություն են բերել Հայաստանի և Արցախի գլխին։ Որովհետև ջախջախված, անմեղսունակ իշխանություն ունեցող Հայաստանը խաղաղության մուրացկան է, ոչ թե քաղաքական գործոն։ Թեպետ նույնիսկ մուրացկանությունն է կասկածելի, քանի որ, կարծում ենք, ՔՊ-ականները միայն իշխանության հարց են լուծում։ Այսինքն՝ սրանց խաղաղության քարոզը իրենց դրսի «պարտնյորներին» գոհացնելու և երկրիս քաղաքացիներին պատերազմով ահաբեկելու համար է։ 

Անատամ խաղաղություն չի լինում։ Ի՞նչ եք արել դուք՝ իշխանավորներդ, ՀՀ բանակն արդիականացնելու, վերազինելու, սահմաններն ամրապնդելու համար։ Ոչինչ։ Ի՞նչ եք անում հիմա։ Մեղադրում եք բոլորին՝ բացի ձեզնից և ձեր առաջնորդից։ 

Ընդդիմության փաստաբանը չենք, ավելին՝ բազմիցս ենք անդրադարձել ոչմիթիզականների դերին, սակայն 2020-ի պատերազմի հրձիգը դուք եք և ձեր առաջնորդը։ Եվ սա հավերժական խարան է ձեր ճակատին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հանկարծահաս խաղաղասիրությունը Հայաստանի և Արցախի համար նույնքան վտանգավոր է, որքան նրա արցախասիրությունն էր։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ