Նախօրեին Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք ռազմավարական խնդիրներ։ Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված այդ հանդիպման սղագրությունից, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․
Ն․Փ․ - Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Հա, հետո՞ ինչ, Դավիթ Տոնոյանն է՛լ չէր ուզում․․․ Անցնենք քննարկումներին (սեղանին դրված բաժակից մի կում խմում է)։ Էս ի՞նչ ա։ Հլը էն Ալենին կանչեք, Ալենը ո՞ւր ա։
Ռուբեն Ռուբինյան - Բալի․․․
Ն․Փ․ - Ի՞նչ բալի, արա՛, ես չեմ ասե՞լ հոնի, թթի, ծայրահեղ դեպքում՝ դամբուլի, էս ի՞նչ եք դրել։
Ռ․Ռ․ - Պարոն վարչապետ, ես ընդամենը ուզում էի ասել, որ Ալեն Սիմոնյանը 11 հոգանոց պատվիրակության հետ մի շաբաթով Ինդոնեզիայի Բալի կղզում է, մասնակցում է «Կարմրադեղին թիթեռների սեզոնային միգրացիայի ազդեցությունը Վենեսուելայում օդի աղտոտվածության մակարդակի վրա» կոնֆերանսին․․․
Ն․Փ․ - Լավ, լավ, անցանք առաջ։ Ուրիշ ի՞նչ ռազմավարական մարտահրավերներ կան, Արո՛, զեկուցի՛։
Արարատ Միրզոյան - Իր կարևորությամբ երկրորդ հարցը Ղարաբաղի գազի մատակարարումն է։ Բարեկիրթ հարևանը որպես դրական ազդակ դադարեցրել է գազի մատակարարումը, ու Հայաստանում, չգիտես ինչու, աղմուկ է բարձրացել, մենք էլ չգիտենք՝ ինչ պատասխանենք․․․
Ն․Փ․ - Ո՞նց թե չգիտեք։ Չե՞ք կարում ասեք, որ Հայաստանը դեռ նախկին թալանչիների օրոք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետևաբար՝ երկար տարիներ գազ է արտահանել Ադրբեջան։ Իսկ մենք պատմության աղբանոցն ենք նետել այդ արատավոր գործելաոճը ու հերթով բոլորին պատասխանատվության ենք ենթարկելու։ Ծեփելու ենք պատերի՛ն, փռելու ենք ասֆալտի՛ն, պողպատյա մանդատ ենք թափ տալու․․․
Ա․Մ․ - Հանգստացեք, պարոն վարչապետ, մի բաժակ ջուր խմեք․․․
Ն․Փ․ - Ի՞նչ ջուր, արա՛։
Վահագն Խաչատուրյան - Լիտրը 37 սենթանոց։ Զուլալ արաբական ջուր՝ անմիջապես Սևանից։
Խաչատուր Սուքիասյան (տեղից) - Խողովակաշարը իմ վրա։
Ն․Փ․ - Լավ, ուրիշ է՞լ ինչ կա, Արո։ Ինչ-որ բաներ եմ լսել Արևմտյան Զանգեզուրի Ներքին Հանդ գյուղի մասին․․․
Ա․Մ․ - Պրն վարչապետ, ես արտաքին գործերի նախարարն եմ, այ եթե լիներ Արտաքին Հանդ՝ ե՛ս կպատասխանեի, բայց գյուղի անունը Ներքին Հանդ է։
Ն․Փ․ - Լավ, էն տղա՞ն ինչ ա ասում։ Էն որ միշտ անունը մոռանում եմ․․․ Էն որ պաշտպանության նախարար ա․․․
Ա․Մ․ - Սուրեն Պապիկյանը հավատարիմ է մնում ՔՊ որդեգրած սկզբունքներին և հայտարարում է, որ ինքը կապ չունի, նախկիններն են հանձնել։ Այսինքն՝ նախկին նախարարի օրոք է հանձնվել․․․
Ն․Փ․ - Անցնենք ամենակարևոր հարցին։ Ո՞ւր ենք գնալու՝ մի կտոր հաց ուտենք։
Արայիկ Հարությունյան - Առաջարկ կա մանկապատանեկան չլիկ-դաստայի վարչապետի գավաթի եզրափակիչը կազմակերպել Դիլիջանում, համ էլ կմտնենք մի կտոր հաց կուտենք։ Ասում են՝ նոր օբյեկտ է բացվել, սեփականատերն էլ նորահայտ բարեխիղճ գործարար է։
Հովիկ Աղազարյան - Ես ճանաչում եմ։
Ն․Փ․ - Ո՞րտեղից ես ճանաչում։
Հ․Ա․ - Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նկատի ունեմ․․․
Ցավոք, սղագրությունն այստեղ ընդհատվում է։