«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքով ոտքով գնում եմ հանդիպման։ Բնականաբար ճանապարհին հանդիպում եմ որոշ ագրեսիվ հայացքների, բայց դեռ ոչ մի ռեպլիկ։ Եվ ահա, դիմացս է դուրս գալիս Արցախի դրոշով փաթաթված մի օրիորդ, ով ինձ տեսնելիս նախ աչքերին չի հավատում։ Կողքով անցնում եմ և հավանաբար իր տեսածում համոզվելուց հետո գոռում է. «Այ բ…զ!»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Վերջում նա հավելել է․ «Եվ իրականում զարմանալի ոչինչ չկա։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը լսել հրապարակի հարթակին կանգնածների տեքստերը, որոնցում ըստ էության հայհոյանքից բացի այլ բովանդակություն չկա։ Ըստ այդմ պետք է արձանագրել, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժն իրապես անհամաչափ է, բառիս մեղմ իմաստով։ Երևանի փողոցներում պտտվում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր և դրանց նկատմամբ իրավապահ համակարգի վերաբերմունքը պետք է լինի համապատասխան։ Էդ էր պակաս, մի հատ էլ մարդիկ Երևանի փողոցներում զգուշանալով քայլեին»։
Հա, էլի։ Ամեն շենքի տանիքին մի քանի սնայպեր նստեցրեք՝ թող գլխից խփեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք կհանդգնեն փողոցում քայլող իշխանամետներին վիրավորել։ Այ էս դեպքում ուժն իրապես համաչափ կլինի, Աղաջանյանն ու նրա կողմնակիցներն էլ գոհ ու երջանիկ կլինեն։ Ճիշտ այնպես, ինչպես ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Խաչատուր Սուքիասյանն էին երեկ ԱԺ նիստերի դահլիճում այնպիսի ուրախ ծիծաղով վանկարկում «Հայաստան» ու ծափահարում, որ ընդդիմադիր կանանց ղժղժոցն՝ ուղղված ամբիոնի մոտ կանգնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դարձավ անէական։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա երբ սպառված են լինում քաղաքական-իրավական պայքարի բոլոր հնարավորությունները, գործի է դրվում հասարակական պարսավանքի մեթոդը։ Սա փափուկ մեթոդ է, և պետք է գոհանալ, որ հասարակության տարբեր խմբերի կողմից կիրառվող դիմադրության մեթոդները չեն կոշտանում քաղաքական բռնության այլ գործիքներով։
Գոհար Վեզիրյան