...

Արցախի մեզ մնացած հատվածը մերը չէ, բայց Ադրբեջանինն էլ չէ

Արցախի մեզ մնացած հատվածը մերը չէ, բայց Ադրբեջանինն էլ չէ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում հայաստանյան զինված ուժերը որևէ վերահսկողություն նշված տարածքներում (Արցախում-խմբ) չունեն, և դա փաստ է։ «Հետպատերազմյան շրջանում Հայաստանը Արցախին տրամադրել է աննախադեպ ֆինանսական օգնություն Արցախին և շարունակելու է տրամադրել, սակայն ես կարծում եմ, որ դժվար է ֆինանսական օգնությունը հավասարեցնել ռազմական և անվտանգային երաշխիքների հետ։ Այս առումով պետք է ընդամենը արձանագրել, որ այո, ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում»,- ԱԺ-ում ԱՄՆ կոնգրեսականների և ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Հաջորդիվ, երբ Արցախի իշխանությունները ցանկություն հայտնեն վերստին հանդիպելու ՀՀ իշխանությունների հետ և քննարկելու Արցախի ճակատագրի հարցը, կարելի է նրանց միանգամից ուղարկել ռուսների մոտ՝ առայժմ խոսելու։ Տարածքում անվտանգություն իրականացնողն է դրա ճակատագրի պատասխանատուն ու տնօրինողը․ եթե Հայաստանը հայտարարում է, որ մեր հայրենակիցներն իրենց հայրենիքում են ռուսների երաշխիքների ներքո, ուրեմն՝ էլ մեր ու ձեր չկա։ Կան նրանք։ Ուշադրություն դարձրեք Աղաջանյանի ձևակերպմանը՝ ՄԵՐ հայրենակիցները՝ ԻՐԵՆՑ հայրենիքում։ Լեզվամտածողությունը վարքաբանական ինֆորմացիա է հաղորդում։ Եվ սա դրա վառ ապացույցն է՝ Արցախը իրենց հայրենիքն է, մնաց հստակեցնենք՝ իրենք ո՞վ են։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   542 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ