...

Նիկոլ Փաշինյանի զոհերը կամ զոմբիները

Նիկոլ Փաշինյանի զոհերը կամ զոմբիները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել է դեռ 1991-ին՝ Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, որով կողմերը ամբողջությամբ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Պատգամավորը նշել է, որ ըստ այդմ՝ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքների նկատմամբ որևէ հավակնություն չունի:

Սա բացարձակ սուտ է, որը շրջանառության մեջ դրվեց այս տարվա սկզբին։ Հիմա արդեն կարող ենք ենթադրել, որ դեռ ամիսներ առաջ իշխանությունը տեղյակ է եղել օրերս հրապարակված Բաքվի առաջարկների մասին, և այս համատեքստում էլ շրջանառության մեջ է դրել մեծ սուտն այն մասին, թե, գիտեք, մենք կապ չունենք, դեռ 1991-ին նախկիններն արդեն ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա հերթով ներկայացնենք այս մտքի «ճարտարապետներին»։ 

Նիկոլ Փաշինյանը կամ չի հասկացել, կամ ստում է

Ահա այս վերնագրի ներքո «ՉԻ»-ն այս տարվա հունվարի 26-ին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսին, որի շրջանակներում հարց էր հնչել՝ ճանաչե՞լ, թե՞ չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ի պատասխան՝ Փաշինյանը նկատել էր․ «Այս մասին չի խոսվել ու երբեմն այդքան էլ ճիշտ չի ընկալվում, բայց մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ օրենսդրության մաս կազմող ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Դա վավերացվել է դեռևս 1992 թվականին: Նույնկերպ Ադրբեջանն էլ վավերացրել է: Երկրորդ նրբությունը, գիտեք, որ Մադրիդյան սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք: Այստեղ նկատի ունեմ, որ դե յուրե ՀՀ-ն և Ադրբեջանը դեռևս 1992-ից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների ու տարածքների շրջանակում»։ 

Այս հայտարարությանը հակադարձել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծել էր՝ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Հայաստանի կողմից։ «Խոսքը հավանաբար ԱՊՀ դեկլարացիայի մասին է, որը ստորագրել են 1991թ․ 12 պետություններ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Երբ անդամակցում ես որևէ միջազգային կառույցի, համապատասխան փաստաթղթերում կա տարածքային ամբողջականության հարցը։ Իրականում՝ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Հայաստանի կողմից։ Խոսքն այն մասին է, որ այդ կառույցին անդամակցող երկրները փոխադարձ ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը»,- մեկնաբանել էր ՀԱԿ փոխնախագահը։ Ըստ նրա՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հնարավոր ճանաչումը նշանակում է՝ ԼՂՀ-ն կմնա Ադրբեջանի կազմում։ «Սա էապես կթուլացնի ԼՂՀ պայքարը»,- եզրափակել էր Զուրաբյանը։

Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է ոչ վաղ անցյալի պատմությունը

Այս ենթավերնագրի ներքո նույն հրապարակման մեջ անդրադարձել էինք լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանի՝ Փաշինյանին հակադարձող հայտարարություններին։ Մասնավորապես՝ «Ալիքմեդիա» կայքում հրապարակված «Փաշինյանը կրկին չի ընդունում իր մեղքը» հոդվածում Հակոբյանը մատնանշել էր վարչապետի հիշատակած 1991 թվականի ԱՊՀ հիմնադրման փաստաթղթերը, որով, ըստ Փաշինյանի, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այնուհետև վերջինս շարունակել էր․ «Դա, անշուշտ, ճիշտ է, ինչպես ճիշտ է նաև այն, որ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ կազմակերպությունների անդամակցելով՝ պետություններն ինքնաբերաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, եթե անգամ դա հստակ չեն շեշտում: Բայց Հայաստանը 1991-ից ի վեր երբեք չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Այսպես՝ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը Բաբկեն Արարքցյանի ստորագրությամբ «անընդունելի է համարել մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը», ինչպես նաև «Հայաստանի միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այնուհետև լրագրողը հիշեցրել էր 1996 թ․ Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օգտվել էր վետոյի իրավունքից և թույլ չէր տվել, որ ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունվի այն հայտարարությունը, որով Արցախը ամենաբարձր ինքնավարությամբ Ադրբեջանի մաս է կազմում: «Լիսաբոնի և վետոյի էությունը սա է՝ Հայաստանը, ունենալով ընդամենը չորս տարվա դիվանագիտական անցյալ, դեմ է գնացել ԵԱՀԿ-ի, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կամքին և թույլ չի տվել փաստաթղթի ընդունում, որով Արցախը համարվի Ադրբեջանի տարածք: Հենց այդ մասին է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Լիսաբոնի հայտնի ելույթը»,- եզրափակել էր Հակոբյանը։ 

Ընդամենը երկու օր առաջ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է խոսել Ադրբեջանի առաջարկների մասին ու վերստին կրկնել է այն միտքը, որը առաջինը հայտարարել էր Փաշինյանը. «Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ»։ 

Հիմա հարց՝ ինչո՞ւ այս անգրագիտությունը շրջանառության մեջ դրվեց ամենաբարձր մակարդակով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ինչո՞ւ է այն այսօր այլևս դուրս եկել մեր պետության շրջանակներից ու դարձել միջազգային հարթակների օրակարգ։ Էլի ամենաբարձր՝ արտգործնախարարի մակարդակով։ Քաղաքագետներն ու վերլուծաբանները կխոսեն։ Մտածողները՝ կհասկանան։ Չիմացողներն էլ՝ կիմանան։

Գոհար Վեզիրյան  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ