...

Սրանց ընկալումները դրսինների ընկալումներին վնաս չեն

Սրանց ընկալումները դրսինների ընկալումներին վնաս չեն

Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռակողմ ձևաչափում․ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու հավելել․ «Ես չգիտեմ՝ հետագա ինչ ճակատագիր է ունենալու այդ միջնորդական խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի ալիքի տակ՝ ձգտելով չեղարկել ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել ղարաբաղյան խնդրի, և ընդհանուր առմամբ՝ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է»։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն լավատեսություն է հայտնել: «Ես, ի դեպ, մի քիչ այլ նորություններ ունեմ։ Հաշվի առնելով շատ հստակ ազդակները, որոնք ստացել եմ մյուս համանախագահող երկրներից, ուզում եմ հաստատել, որ միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով, ինչը, պետք է ասեմ, շատ է հուսադրում»,- Միրզոյանին է մեջբերել «Ազատություն» ռադիոկայանը։ Իր հերթին Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է․ «Մեր դիրքորոշումը կամ մեր ընկալումները այլ են, և ռուսական կողմից, բնականաբար, թերևս անհրաժեշտություն չկա դրա մասին խոսել»։ 

Փաստորեն մենք ընկալումներ էլ ունենք։ ՌԴ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարում է Մինսկի խմբի գործունեության դադարի մասին, համանախագահող մյուս երկու երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, դեռևս անպատասխան են թողել պաշտոնական Երևանի դիմումն ուղղված՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար, իսկ մենք դեռ շարունակում ենք ապրել մեր ընկալումների կամ պատկերացումների աշխարհում։ Ոչինչ, որ դրանք չեն արտացոլում իրավիճակը, ոչինչ, որ դրանք տեղ-տեղ մտացածին են, ըստ այդմ՝ գոնե այս պահին զուրկ իրականություն դառնալու հեռանկարից։ Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է, ով ինչ ուղղությամբ ուզում՝ քաշքշում է մեզ, մենք էլ ինքնամոռաց տրված այդ քաշքշուկին՝ օր ենք լուսացնում ու մթնացնում։ Այս անորոշությունը վատ ազդակ է, պետք է անհապաղ հասկանալ հնարավոր բոլոր սցենարները և գործել։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ