...

Տեռորը ձեր գրառումներն են

Տեռորը ձեր գրառումներն են

ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով․ «Վերջին օրերի ընդդիմության բոլոր ակցիաներն առանց բացառության ուղղորդվում են վերջիններիս քաղաքական հայացքները չկիսող մեր քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններով։ Ըստ այդմ, իրավապահ մարմինների կողմից քննվող գործերը պետք է քննվեն ոչ թե որպես խուլիգանական հատկանիշներ պարունակող իրարից առանձին դրվագներ, այլ որպես մեկ ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ կտորներ, այն է՝ հանցագործ խմբավորման կողմից հետևողականորեն և մտածված հասարակության նկատմամբ իրականացվող տեռորի դրսևորումներ, վերոգրյալից բխող համապատասխան քրեաիրավական հետևանքներով։ Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապահ և դատական համակարգի արձագանքը վերոնշյալի համատեքստում գնահատում եմ ոչ համարժեք»։

Որքան անտանելի է դիմադրության շարժման կողմնակիցների՝ իրենց տեսակետները չկիսող քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը, նույնքան զզվելի են իշխանության արձագանքները։ Քիչ է մնում ուղիղ հայտարարեն, որ փողոցներում պայքարող, սրան-նրան «կպնող» քաղաքացիներն իսկական ահաբեկիչներ են, որոնց պարագլուխները հայտնի են։ Փոխարեն հանդուրժողականության կոչ անեն, այս ծանր վիճակում չշարունակեն շարել «ատելության պատնեշը», հակառակը՝ կրակի վրա յուղ են լցնում։ Ի՞նչ են ուզում, ի՞նչ են հրահրում իրենց հրապարակային հայտարարություններով, կամ ո՞ւր են ուղղորդում իրավապահ ու դատական համակարգերի պատասխանատուներին՝ անհասկանալի է։ Այսինքն՝ լավ էլ հասկանալի է։ Տեռոր են հայտարարել երկուստեք, իսկ արանքում նորմալ մարդիկ են արյունաքամ լինում։ Հիմա էլ հասարակությանն են մեր ու ձեր անում։ Հարձակվողները ձերն են, հարձակման ենթարկվողները՝ մե՞րը։ Հարձակվողները սևերն են, հարձակման ենթարկվողները՝ սպիտակնե՞րը։ Հետո՞։ Թե ինչով են փողոցում իրար ծեծող մարդկանցից տարբերվում այսօրինակ հայտարարություններ անող պաշտոնյաները, երևի անգլիացի գիտնականները պարզեն։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1467 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ