...

ՔՊ-ականներին տարեք, Նիկոլին բերեք

ՔՊ-ականներին տարեք, Նիկոլին բերեք

«Իմ ուղեղում կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, քանի որ ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, մենք համաձայնել ենք ընդունել Ադրբեջանի առաջարկները, որոնք մենք փոխանցել ենք հայ գործընկերներին, և հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշմանը հակառակ ելույթ են ունենում, ելույթ են ունենում ընդդեմ հայերի պետական շահերի, որոնք խաղաղության են ձգտում տարածաշրջանում»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը՝ արձագանքելով հայ պատվիրակներ Էդուարդ Աղաջանյանի և Վլադիմիր Վարդանյանի ելույթներին։

Այ, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդդիմադիրներ լինեին, ելույթ ունենային, կոգնիտիվ դիսոնանսի առիթ չէինք տա ադրբեջանցիներին։ Եվ ոչ միայն նրանց։ Երկու ՔՊ-ականների ելույթները լսելիս մտածում ես, թե նրանք որևէ ընդհանրություն չունեն Նիկոլ Փաշինյանի խմբակցության և իշխանության վարած քաղաքականության հետ։ Ո՞ւմ են ֆռռացնում, ի՞նչ հաշվարկով, Աստծուն է միայն հայտնի։ Ի դեպ՝ ոչ վաղ անցյալում՝ Սերժ Սարգսյանի օրոք, ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված ընդդիմադիրները ոչ միայն կարողանում էին սպասարկել պետության շահը, այլև ներքաղաքական օրակարգերում հստակ հակադրվել իշխանությանը հենց ԵԽԽՎ բարձրագույն ամբիոնից։ Ժամանակին Հայաստանի պատվիրակությունը տեղում ինքնակազմակերպվում էր․ օրինակ՝ իշխանական պատգամավորն իր ելույթը հանում էր, հերթը զիջում էր ընդդիմադիր պատգամավորին, որպեսզի նա ԵԽԽՎ-ում հարց բարձրացնի Սերժ Սարգսյանի՝ կազինոներում տանուլ տված միլիոնների և Բադեն-Բադենների մասին։ Եվ պատկերացնո՞ւմ եք՝ ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս չէր առաջանում, որովհետև եվրոպական երկրների պատվիրակությունները հասկանում էին, որ ընդդիմադիրներ կան Հայաստանից, որոնք տարբերվող կարծիք ու տեսակետ ունեն, և որոնք հանգիստ կարող են ասել այն, ինչի մասին լռում կամ չի խոսում իշխանությունը։ Բայց դե հիմա Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է և ամենուր է։ Ինքն էլ չի հիշում՝ որտեղ ինչ է ասել, դե հիմա նրա պատվիրակներից ի՞նչ ակնկալենք։

Գոհար Վեզիրյան    

ՎԱՐԿԱՆԻՇ

   1317 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ