...

Քեմպինգից փախածները

Քեմպինգից փախածները

ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Դիմադրության շարժման ակցիաներին, հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամ չկա, նրանք արհեստականորեն ցույց են տալիս, թե պարալիզացրել են։ «Շատ դժվար է որոնել սև կատու մութ սենյակում, մանավանդ, որ այդ սև կատուն մութ սենյակում չէ: Քաղաքական ճգնաժամ չկա, կան նույնիսկ ոչ քաղաքական ակցիաներ: Այն, ինչ ես տեսնում եմ, ավելի շատ նման է քեմպինգի (վրանային հանգիստ) և մշակութային բանի»,- «Aravot.am»-ի փոխանցմամբ ասել է Վարդանյանը: 

Ի դեպ՝ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է հայտարարել, որ բերման ենթարկված քաղաքացիների քանակով երեկվա օրն արդեն ռեկորդային է` 2008 թվականից հետո։ «400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018 թվականի հեղափոխության ամենաթեժ օրերին»,- գրել է Իոաննիսյանը։ Հիմա, երբ այս թիվն ու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ասելիքն ենք միացնում իրար, ստացվում է, որ իշխանությունն ինքն է սև կատու փնտրում մութ սենյակում այն դեպքում, երբ կատուն բացակայում է։

Եթե քաղաքական ճգնաժամ չկա, քաղաքական ակցիաներ գոյություն չունեն, այդ դեպքում ինչո՞ւ է ոստիկանությունը նոր ռեկորդ սահմանում, հետո էլ փակում ոստիկանության բաժինները՝ բերման ենթարկվածների քանակից կոլապսի մատնվելով։ Անտրամաբանական է նաև իրավիճակը քեմպինգային որակելը։ Պրիմիտիվ է ստացվում, բայց հանձնաժողովի նախագահը պետք է որ իմանա՝ քեմպինգի համար միայն վրանի առկայությունը բավարար չէ։ Քեմպինգը հանգստի ու ժամանցի ձև է, ոչ թե ոստիկանների հետ անհավասար ձեռնամարտի փառատոն։ Ավելի շուտ այսօրվա ԱԺ-ն է քեմպինգային տրամադրության մեջ. դրա համար էլ Վարդանյանի աչքին ամեն ինչ «մշակութային բան» է երևում։  

Գոհար Վեզիրյան 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ