«Նիկոլ Փաշինյանն առայժմ դիմադրում է ընդդիմության պայքարին հակընդդեմ հանրահավաք կազմակերպելու գայթակղությանը, քանի որ իրավապահները նրան զեկուցել են, որ դա բախումների կարող է հանգեցնել, սակայն, մեր տեղեկություններով, քննարկում են ընդդիմության հավաքները, երթերը «հարամելու» սցենարը, այսպես կոչված, «սադրիչ խմբերի» միջոցով»,- տեղեկացրել է «Հրապարակ» թերթը։ Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ «մի քանի օլիգարխի և մի քանի պատգամավորի վրա են դրել նման խմբերի ձևավորումը, որոնք պետք է մոտենան ցուցարարներին, հայհոյեն, անիծեն, սադրիչ հայտարարություններով վեճի բռնվեն, բնականաբար, գովերգեն սիրասուն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բախումներ առաջացնեն»։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ օգտագործվելու է Շիրակում փորձված մեթոդը։
Կարճ ասած՝ հասարակության մի հատվածին դուրս են բերելու մեկ այլ հատվածի դեմ։ Փողոց դուրս չեկողներն էլ զբաղվելու են այս տեսարանները դիտելով, մինչև Փաշինյանն ու նրա «կամանդը» դրսերում բանակցեն։ Իսկ ի՞նչ են շահելու «հարամելու» համար ընտրված օլիգարխներն ու պատգամավորները։ Դե իհարկե, ավելի մեծ վստահություն Փաշինյանի մոտ։ Իսկ ավելի մեծ վստահությունը ավելի ուրիշ բաներ է ենթադրում։ Հարցեր լուծելու ազդեցություն, «պերվիյ կրուգ» լինելու արտոնություն՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով։ Ընդդիմությունն էլ իր հերթին նոր ասելիք է ունենալու, գործողությունների նոր ճակատ է վերակառուցելու։ Միակ տուժողը վերստին ՀՀ քաղաքացին է լինելու։ Երկու կողմից էլ։
Գոհար Վեզիրյան