...

Ընդդիմադիրները ամենակարևորը չեն արձանագրել

Ընդդիմադիրները ամենակարևորը չեն արձանագրել

Խորհրդարանական ընդդիմությունը, որն ապրիլի երկրորդ կեսից պայքարի հարթակ հռչակեց փողոցը, մասնավորապես՝ Ֆրանսիայի հրապարակը, թայմ աութ է վերցնում։ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ վրանները հավաքում են, այլ կերպ ասած՝ շուրջօրյա պայքարը դադարում է, չնայած որ՝ գլխավոր խնդիրը մնում է չլուծված՝ «Հայաստանը դեռ ղեկավարում է գոյաբանական վտանգ ներկայացնող մարդը»։ Վերջինս նաև հայտարարեց, որ Դիմադրություն անունը կրող շարժումը կանգնած է մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ «Մեզ հարկավոր է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա ավելի ընդլայնել շարժումը և հասնել մեր վերջնական նպատակին»,- ընդգծեց վերջինս՝ ազդարարելով, թե շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ։  

Միանգամից փաստենք, որ Դիմադրության շարժման գործունեության հենց առաջին շաբաթից պարզ էր, որ այն չի հաջողելու։ Հարթակում և հրապարակներում մարդիկ էին դուրս եկել պայքարելու, որոնց հասարակության ստվար զանգվածը, անկախ Փաշինյանի նկատմամբ իր վերաբերմունքից, տանել չի կարողանում։ Եվ չնայած դրան՝ այս մարդկանց թիվը հրապարակներում ոչ թե նվազում էր, այլ հակառակը՝ ավելանում։ Արդյունքում գրանցվեց այն էֆեկտը, որը գրանցվել էր անցած տարվա հունիսին՝ խորհրդարանական ընտրությունների վերջնարդյունքում։ Ըստ էության, սրանից մեկ տարի առաջ էլ՝ ընտրություններից երկու օր առաջ տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքը ժամերի ընթացքում փոխեց հանրային տրամադրությունները։ Մարդիկ հանկարծ հասկացան, որ նախկինների վերադարձը շատ ռեալ է, ուստի՝ դա բացառելու համար քվեարկեցին ՔՊ-ի օգտին։ Նույնն էլ հիմա տեղի ունեցավ։ Շարժումը երեկ 12 արձանագրում է արել։ Չխորանալով դրանց մանրամասների մեջ՝ մենք էլ մեր արձանագրումն անենք՝ հրապարակ դուրս չեկողները ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետևորդներն են, այլ պարզապես չեն կարող անգամ ամենավատ երազում պատկերացնել կամ թույլ տալ նախկինների վերադարձը։ Իսկ նախկինները սա համառորեն չեն հասկանում։ Ցանցային, ճյուղային, տարածքային, մարզային․․․․ինչ կառուցվածքային փոփոխություն էլ արվի, այդ դեմքերով որևէ տեսակի դիմադրության շարժում դատապարտված է։ Սա է հանրահավաքային այս պայքարի կապիտալիզացիայի միակ արձանագրումը։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2188 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ