...

ՀԱՊԿ-ին՝ ոչ են ասել

ՀԱՊԿ-ին՝ ոչ են ասել

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ղասախստանում անցկացվելու են ՀԱՊԿ զորավարժություններ։ Հայաստանը չի մասնակցելու այդ զորավարժություններիին։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»,- infocom կայքի հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են ՀՀ Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Իր հերթին «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ սեպտեմբերի 20-ին Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նախատեսվածից շուտ է վերադարձել ՌԴ։ Նախապես որոշված է եղել, որ Զասի  գլխավորած պատվիրակությունը Հայաստանում մնալու էր 5 օր՝ մինչև սեպտեմբերի 25-ը։ Ինչպես հայտարարվել էր՝ առաքելության նպատակն էր՝ «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, առաջարկներ ներկայացնել՝ առկա լարվածությունը թուլացնելու համար»։ Ըստ թերթի՝ Փաշինյանը չի ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Ավելին, նրա՝ Երևան ժամանելուց 2 օր անց մեկնել է Նյու Յորք, որտեղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, հանդիպում  է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: «Տեղեկություններ էին շրջանառվում, թե Փաշինյանի նյույորքյան հանդիպման մասին տեղեկանալով՝ Զասը նախատեսվածից մի քանի օր շուտ մեկնել է Հայաստանից։ Թե կոնկրետ որ օրն է մեկնել, ԱԳՆ-ից չհաջողվեց պարզել։ Փաստ է, որ սեպտեմբերի 22-ից հետո Զասը ոչ մի հանդիպման չի մասնակցել, նրա մասնակցությամբ որևէ միջոցառման մասին հաղորդագրություն չի տարածվել»,- եզրափակել է թերթը։

Բնական ռեակցիա է։ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտականությունները, Հայաստանն էլ հրաժարվել է մասնակցությունից։ Պատերազմական գործողություններից մեկ շաբաթ անց Հայաստան գալ ու ընդամնեը պրոտոկոլային գործընթաց մեկնարկել՝ համաձայնեք տգեղ է։ Իշխանության պահվածնք էլ համարժեք է՝ փորձում են այլ հարթակներում օգնություն կամ օժանդակություն գտնել։ Մի խոսքով՝ սիրախաղի փուլն ավարտվել է, և վրա է հասել  հարաբերություններ պարզելու էտապը։ Սա, ըստ էության ամենաբարդ  փուլն է, որովհետև եթե այդ հարաբերություններում հստակություն չմտցվի, հաջորդ քայլը պետք է լինի ապահարզանը։ Պատրա՞ստ է այսօր Հայաստանը դեպքերի նման ընթացքի՝ առայժմ անհասկանալի է։ Մի բան է միայն հստակ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր և նրանց «սառը պատերազմը» երկար ձգվել չի կարող։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ