...

One way թուքդ, one way թուքդ

One way թուքդ, one way թուքդ

Գյադաների ժամանակն անփոփոխ է

Այս շաբաթն էլ թքեց: Թքեց, որովհետև Ալեն Սիմոնյանի անվան շաբաթն էր: Ծերից ծեր նրա աստեղային ժամն էր: Ովքեր չգիտեն, տեղեկացնենք, որ նա Ազգային ժողովի նախագահն է: Չիմացողներից մեկն էլ հենց ինքն է: 

Ընդհանրապես, այս իշխանությունները մինչև հիմա պատկերացում չունեն, որ իշխանություն են: Որ պետություն են ներկայացնում, որ իշխանության գալով՝ որոշակի պարտավորություններ պետք է ստանձնեն, բարեվարքության հարցերում որոշակի սահմանների մեջ մտնեն. փոխեն պահելաձևը, խոսքը, շարժուձևը:

Փողոցից իշխանության գալով՝ իրենց հետ նաև փողոցի բարքերն են բերել: Իրենց համար փողոցային օրենքները իրավական օրենքներից վեր են: Եթե խնդիր կա, իրավական լուծում տալու փոխարեն փողոցային լուծում են տալիս: 

Բայց մի բան լավ են սովորել. հանուն իշխանության բոլոր մեթոդներն են ընդունելի: Եթե դրանք հանուն իշխանության են: Ու Ալեն Սիմոնյանի դեպքը դրա վառ վկայությունն էր: Վիրավորվեց, թքեց, ընդ որում՝ ախրաննիկների օգտագործմամբ, հայտարարեց, որ լավ է արել, քանի որ երևանցի տղա է, հասնում էր էդ կանադացի դաշնակին, բայց հետո, երբ աթոռը կորցնելու ինչ-որ ազդակներ ստացավ ինչ-որ տեղերից, փուքսը քաշեց, ներողություն խնդրեց, թե բա՝ լավ բան չեմ արել: Բայց կոնկրետ այն անձից, որի վրա թքել էր, ներողություն չխնդրեց, այլ միայն ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ: Մեծատառերով էլ ընդգծել էր, յանի իմացեք՝ ներողության տեքստ գրելը դեռ չի նշանակում ներողություն խնդրել: Լուսահոգի Գալուստ Սահակյանից ինչ-որ բան սովորել է, էլի քյար է:

Բայց եթե հանկարծ աթոռը կորցնելու վտանգ չզգար, սպանես, կյանքում նույնիսկ ձևական ներողություն չէր խնդրի: Մի բան էլ նախահարձակ կլիներ, կշարունակեր ներկայացնել իր հարգված քուչի անցյալը, որ թքելը նորմալ է, հատկապես, եթե թքում ես դաշնակի վրա, հատկապես, եթե այդ դաշնակը հայաստանցի չէ: Ինքն այս իշխանությունների հավաքական կերպարներից մեկն է, ու մյուսներն էլ այդպես կվարվեին:

Մնում է, լեզու ցույց տան

Լավ, մինչև սրանք կհասկանան, թե ինչ բան է պետությունը, մի ուրիշ թեմա էլ կա: Ուրեմն, արդեն գիտեք, որ Հայաստանը մտադիր է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) երկու զորավարժություններին:

Սկզբից Պենտագոնի կայքում տեղադրվեց «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրություն, համաձայն որի՝ դրան մասնակցելու է Հայաստանը, հետո դա սրբագրվեց, մնացին վերոհիշյալ զորավարժությունները:

Հիմա ի՞նչ ստացվեց. Հայաստանի իշխանությունները մերժեցին ՀՀ առաջնագծում ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության առաջարկ/փաթեթը՝ հայտարարելով, որ սկզբից ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, որը տեղի ունեցավ անցած տարվա սեպտեմբերին: Հունվարին Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հայտարարեց, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը Հայաստանում անցկացնելը նպատակահարմար չի համարում: Հետո հայտարարեցին, որ չեն մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին: Նույն պատճառաբանությամբ:

Ու հիմա ապրիլի 22-ին մասնակցելու են ՆԱՏՕ զորավարժություններին: Հարց է առաջանում, իսկ ՆԱՏՕ-ն դատապարտե՞լ է ադրբեջանական ագրեսիան: Այսինքն, ի՞նչ է արել ՆԱՏՕ-ն, որ Հայաստանը մասնակցում է նրա զորավարժություններին, իսկ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվում է: Սա այլ կերպ, քան Ռուսաստանի դեմ ուղղված դեմարշ, դժվար է որակել: Բա սա տունտունիկ չի՞:

Ընդ որում, Ռուսաստանը ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության առաջարկ է ներկայացրել: Դա թողած, գնում են ՆԱՏՕ-ի հետ խաղեր տալու: Այս իրավիճակում, երբ ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմ է ընթանում, սրանք կարծես Հայաստանի գլխին նոր աղետներ բերելու ուղիներ փնտրեն:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   8944 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ