...

Իշխանության բերանը լեզու դնողները

Իշխանության բերանը լեզու դնողները

Այսօր առավոտյան ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար»։

Տեղեկացնենք, որ երեկ բախում է տեղի ունեցել Դիմադրության շարժման կողմնակիցների և ոստիկանների միջև։ Վերջիններս հատուկ միջոցներ են կիրառել՝ մասնավորապես ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի և պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախչելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- երեկ կառավարական առանձնատան դիմաց հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Տեղի ունեցածն ուղիղ հեռարձակվում էր տարբեր լրատվամիջոցների օնլայն հարթակներով։ Ե՛վ դիմադրողներն էին անզիջում, և՛ ոստիկաններն էին հակված բռնություն իրականացնելուն։ Արդյունքում կադրերն ու հեռարձակումները լուրջ անհանգստություն առաջացրին նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք տներից էին հետևում դեպքերին։ Անմիջապես շրջանառության մեջ դրվեցին խոսակցություններ, թե քաղաքացիական պատերազմ են հրահրում։ Իշխանությունների կողմնակիցները քոչարյանականներին էին մեղադրում՝ ակնարկելով, որ Քոչարյանն առանձնապես չի խորշում արյունից, Դիմադրության շարժման կողմնակիցները հակառակն էին ասում, թե Նիկոլը մինչև արյուն չթափի, տուն չի գնա։ Ինչպես արդեն հասկացաք՝ երկու հակադիր կարծիքներում էլ բանալի բառը արյունն է։ Եվ միայն առանձին քաղաքացիական անձինք էին, որ իրենց գրառումներով փորձեցին սաստել խոսակցությունները կանխատեսվելիք արյունահեղության մասին՝ հայտարարելով, որ քաղաքացիական պատերազմ երբեք չի եղել ու չի լինելու Հայաստանում։ Ինչո՞ւ՝ փաստարկներն իհարկե բազմազան էին։ Սա մի կողմ թողնենք՝ արձանագրելով որոշ իրողություններ, որոնք մինչ այս բնորոշ չեն եղել Հայաստանում ծավալված շարժումներին։

1․ Ի տարբերություն այս ընդդիմության՝ նախորդ տարիների ընդդիմադիրները հանրահավաքային պայքարի տեղանք չեն հռչակել Կառավարական առանձնատունը։ Նիկոլ Փաշինյանի նման Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ «ռիսկ չեն արել դուրս գալ ու պատասխանել ժողովրդի հարցերին», բայց ընդդիմությունն այնքան խելամիտ է եղել, որ հասարակությանը չի ուղղորդել ուրիշի տան վրա, անգամ եթե այդ ուրիշը Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտն է։

2․ Տեղի ունեցածն արտառոց է նաև այն իմաստով, որ այս անգամ ոստիկաններն ավելի շատ են տուժել, քան քաղաքացիական անձինք։ Անշուշտ, չի բացառվում, որ հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում է նման իրավիճակ գրանցվել, բայց փաստն այն է, որ ավելի շատ ոստիկաններն են տուժել, քան քաղաքացիները։ Իսկ սա էականորեն երկարեցնելու է իշխանությունների լեզուն։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ