...

Ոստիկաններին հրահանգավորել են ավելի կոպիտ գործել

Ոստիկաններին հրահանգավորել են ավելի կոպիտ գործել

Այսօր առավոտից մեկնարկած Դիմադրության շարժման ակցիաները վերահսկող ոստիկաններն առանձնակի ագրեսիվություն են ցուցաբերում։ Ընդ որում՝ նրանք թիրախավորում են այն մարդկանց, որոնք շարժման մինի օջախներում առաջնորդում են դիմադրողների գործունեությունը։ Արմեն Աշոտյան, Նաիրա Զոհրաբյան, Աննա Մկրտչյան, Լևոն Քոչարյան և այլք։ Ակնհայտ է, որ ոստիկաններին հրահանգավորել են ավելի կոպիտ գործել, ավելի անհանդուրժող գտնվել, ավելին՝ հայտնի դեմքերին բաժիններ տանել նույնիսկ այն դեպքում, երբ նրանց գործողություններում չկան օրինազանցության կամ կարգազանցության դրսևորումներ։ 

Ի՞նչ է փոխվել․ ոչինչ, պարզապես Փաշինյանը հանդիպել է Պուտինին։ Գուցե այնտեղից վերադարձել է ամրացած, միտքը՝ թարմացած և գործելու վճռականությամբ։ Ըստ այդմ՝ որոշել է ավարտել ժողովրդավարության թատերաշրջանը, և անցնել հաջորդ փուլին։ Այնպես որ, չի բացառվում, որ այս օրերին ընդդիմադիրների դեմ քրեական գործերի հարուցումը նոր թափ ստանա, մեծ թվով ցուցարարների՝ ոստիկանական բաժանմունքներ տանել-բերելու տեսարաններն էլ ավելի դիտարժան դառնան, ակտիվանան Քպ-ականներն ու ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի վերջին վկաները։ 

Դա է իշխանության պլանը։ Իսկ ի՞նչ է մտածել ընդդիմությունը. մնալ այս նույն օրակարգում՝ արդյունավետ չէ, արագորեն գտնել նոր առաջնորդ՝ կարծես թե չի ստացվում։ Մի խոսքով պատային իրավիճակ է՝ բոլոր իմաստներով։  

Գոհար Վեզիրյան 

Հ. Գ. ՀՀ ոստիկանության տվյալներով ժամը 12։00-ի դրությամբ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 286 քաղաքացի:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՎԱՐԿԱՆԻՇ

   2164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ