...

Անհետաձգելի հարսանիք, չնշվող բանակի օր

Անհետաձգելի հարսանիք, չնշվող բանակի օր

Հունվարի 28-ին լրանում է հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը։ Այս առիթով նախապես ծրագրված հոբելյանական միջոցառումը ամենայն հավանականությամբ չի կայանա։ 1lurer.am կայքի փոխանցմամբ՝ հունվարի 28-ին նախատեսված Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է: Կայքի տեղեկություններով՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է գրանցել, և նա ինքնամեկուսացել է։ Իր հերթին «Ժողովուրդ» թերթն այսօր տեղեկացրել է, որ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել»։ Օրաթերթի տեղեկություններով՝ հենց փարավոնյան հարսանիքի ժամանակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։ Covid-ով վարակվել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ 

Այս երկու լուրերի կապը ոչ միայն կորոնավիրուսն է, այլ նաև Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը փաստորեն չէր կարող հետաձգել հարսանիքը կամ բավարարվել այլ ֆորմատով՝ պայմանավորված համաճարակով, բայց Զինված ուժերի հոբելյանական միջոցառումը հանգիստ չեղարկում է՝ նույն հանգամանքով պայմանավորված։ Դե հարսանիքը, ճոխ հարսանիքը անձնական միջոցառում է, իսկ ԶՈՒ 30-ամյակը պրոտոկոլային մի բան է, որը կարելի է հետո էլ նշել կամ առհասարակ չնշել։ Դրանից Սուրեն Պապիկյանի կյանքում բան չի փոխվի, հատկապես, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական Զինված ուժերի միայն անվանումն է մնացել։ Մյուս կողմից էլ՝ Դվինում ծախս են անելու, բա առանց Փաշինյան ինչպե՞ս են վայելելու օրը։ Կլավանա՝ կանեն, կամ հետո էլ ո՞վ է հիշելու, որ ԶՈՒ կազմավորման հոբելյանն է եղել։  

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ