...

Դավիթ Տոնոյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Տոնոյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին

44-օրյա պատերազմի ժամանակ մենք այդպես էլ չհասկացանք՝ ով էր ղեկավարում պատերազմը․ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին հարց է տվել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը։ «Ամեն մեկը իր վրայից գցում էր այդ պատասխանատվությունը և վերջում պարզվեց՝ մեղավորը վարչապետն է: Հիմա ուզում եմ հասկանալ, երբ ԳՇ պետը դառնում է ՊՆ նախարարի առաջին տեղակալ, պատերազմի դեպքում պատասխանատվությունը ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պետի՞, թե՞ նախարարի»,- News.am-ի փոխանցմամբ հարցադրում է արել Մելքոնյանը։ Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշել է․ «Թե՛ գործող և թե՛ նոր օրենքով պատասխանատվությունը յուրաքանչյուր անձ կրում է իր գործողությունների համար, բայց քաղաքական պատասխանատուն բնականաբար հանդիսանում է պաշտպանության նախարարը»։

Հասկացա՞ք։ Հարցուպատասխանից պարզ է դառնում, որ պատերազմը ղեկավարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, և հենց նա էլ քաղաքական պատասխանատվություն է կրում այս ամենի համար։ Իսկ մենք միամտաբար կարծել ենք, թե գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանն է քաղաքական պատասխանատվության կրողն ու իրացնողը։ Փաստորեն, Փաշինյանի՝ երկու տարի պտտեցրած ռեբուսը՝ մեղավոր եմ, բայց պատասխանատու չեմ, կամ հակառակը՝ պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ, լուծված է։ Մեղավորը Դավիթ Տոնոյանն է, պատասխանատուն Դավիթ Տոնոյանն է։ Անպիտան զենք առնողը Դավիթ Տոնոյանն է։ Տեսնես՝ որ Դավիթ Տոնոյանը ՔՊ անդամ լիներ, այսքան հեշտությամբ նրան կհանձնեի՞ն, թե՞ մի անկուսակցական պաշտոնյայի կգտնեին և ամեն բան նրա «ջեբը կգցեին»։ Մյուս կողմից էլ ՔՊ-ականներն այնքան են ուզում Փաշինյանին մաքրել 44-օրյայի խարանից, որ չենք զարմանա, եթե մի օր էլ նրանցից մեկը հայտարարի, թե Փաշինյանը չէր կարող մեղավոր կամ պատասխանատու լինել, որովհետև նա չէր կարող որոշումներ կայացնել։ Մերկապարանոց չհնչելու համար փաստեր էլ կներկայացնեն, ասենք՝ բժշկական տեղեկանքներ կամ այլ ապացույցներ։ Մոտ ապագայում դրան էլ ականատես կլինենք։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ