...

Նիկոլ Փաշինյանն էլ պետք է միանա բաց դատական նիստերի պահանջին

Նիկոլ Փաշինյանն էլ պետք է միանա բաց դատական նիստերի պահանջին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով․ «Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար: Մատակարարված հրթիռների քանակի ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը և մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը»:

Հիմա փորձենք հասկանալ, թե ովքե՞ր կարող են լինել դատական դռնբաց նիստերի շահառուները բացի Դավիթ Տոնոյանից։ Կարծում ենք՝ առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը պետք է շահագրգռված լինեն, որպեսզի դատական նիստերը բաց լինեն։ Լրագրողները, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, իրավապաշտպանները կարող են մասնակցել այդ նիստերին և համապատասխան տեղեկությունները հասցնել հասարակության լայն շերտերին։ Ուղիղ հեռարձակումն էլ կօգնի, որպեսզի դատական նիստերի մթնոլորտը հասանելի լինի նիստերի դահլիճից դուրս գտնվողներին։ Վերջապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կկարողանա փաստագրել այն, ինչ ամիսներ շարունակ պնդել է՝ իրեն խաբել են, սխալ տեղեկություն են հաղորդել, զենքի բիզնեսով են զբաղված եղել երկրի համար ամենաբախտորոշ ժամանակաշրջանում, կամ էլ սաբոտաժի են դիմել՝ իշխանությանը վնաս հասցնելու չարամտությամբ։ Հասարակությունն ինքն էլ կարող է շահառու լինել այս հարցում՝ վերջապես կհասկանա՝ որ կողմն է ստում, որը բարձրաձայնում ճշմարտությունը։ Խորհրդարանական ընդդիմությանն էլ կարող է ձեռք տալ դռնբաց դատական նիստերի փաստը։ Ահագին նյութ կունենան ԱԺ-ում շոուներ բեմադրելու, դավաճաններին ու գործակալներին վնասազերծելու և քաղաքական օրակարգը թեժացնելու համար։ Թվում է, թե դռնբաց դատական նիստերն այլընտրանք չունեն, բայց փաստաբանների հայտարարություն-մտավախությունը հակառակն է փաստում։ Եթե գնանք բացառման սկզբունքով, ապա վերոնշյալ շրջանակից թերևս միայն իշխանությունն է, որ կկարողանա կանխել դռնբաց դատական նիստերի անցկացումը։ Չոր քաղաքական պատվեր կիջեցվի կառավարությունից, և հարցը կփակվի։ Ինչո՞ւ, ի՞նչ ունի իշխանությունը թաքցնելու իրեն վստահության քվե տված հասարակությունից, դժվար է կռահել։ Բոլոր դեպքերում՝ հետաքրքիր է լինելու, թե ինչ որոշում կկայացնի այս հարցում Նիկոլ Փաշինյանը։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ