...

Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՔՊ-ականների պահվածքը

Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՔՊ-ականների պահվածքը

ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ու նրա գործով կալանավորված մյուս պաշտոնյաները կշարունակեն մնալ անազատության մեջ։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումները։ Միայն Համբարյանն է ազատ արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց: Ի դեպ՝ մնացածների համար ևս միջնորդություն է եղել գրավի կիրառման մասին, գրավի չափն էլ փաստաբանները թողել են դատարանի հայեցողությանը, սակայն խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը, ինչպես նաև անձնական երաշխավորագրերը մերժվել են:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ դատարանին չեն բավարարել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորների՝ Վիլեն Գաբրիելյանի և Քրիստինե Պողոսյանի, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի անձնական երաշխավորագրերը։

Ի դեպ՝ ՔՊ-ամերձ շրջանակներում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել իր երկու պատգամավորների կեցվածքը։ Փաշինյանի դժգոհությանը պատգամավորները դեռ չեն առերեսվել, բայց նա իր յուրայինների միջոցով իր մոտեցման մասին խոսակցությունները հասցրել է խմբակցության և կուսակցության անդամներին։ Կառույցում ոչ բոլորն են Փաշինյանի դժգոհությունը կիսում, բայց դրա մասին բարձրաձայն խոսելու քաջություն հազիվ թե ունենան։ 

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ