...

Դավիթ Տոնոյանի գործն էլ կփլվի՞

Դավիթ Տոնոյանի գործն էլ կփլվի՞

Անազատության մեջ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարել է, թե ձեռք է բերել անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են խնդրո առարկա հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը: Այսպես՝ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը, 2010-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնի բերումով տեղեկացված լինելով մատակարարման պահին հիշյալ հրթիռների օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին, ձեռնամուխ է եղել այդ՝ պիտանելիության ժամկետները սպառված և տեխնիկական բնութագրին անհամապատասխան հրթիռների ձեռքբերմանը: Մինչդեռ, ըստ փաստաբանական խմբի հայտարարության, մի քանի պաշտոնական աղբյուրներից, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմնից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ հիշյալ հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, ավելին՝ հրթիռներն անգամ համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին:

Մինչ Նիկոլ Փաշինյանը կորոշի՝ ինչպես արձագանքել այս հայտարարությանը, կամ արձագանքել, թե ոչ, ՔՊ-ական պատգամավորներից Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, պարտավոր է տոնել այս նշանակալի իրադարձությունը։ Ինչո՞ւ նշանակալի, որովհետև եթե պարզվի, որ այդ ապացույցներն իսկապես անհերքելի ու անառարկելի են իրենց բովանդակությամբ, ուրեմն՝ Դավիթ Տոնոյանը շատ արագ պիտի որ հայտնվի ազատության մեջ։ Արդյունքում՝ հերթական անգամ կփլվի ևս մեկ քրեական գործ, որը տևական ժամանակ զբաղեցնում էր հայ հասարակությանը։ Ի դեպ՝ իշխանության կողմնակիցները մինչ այսօր պնդում են, թե նախարարը խաբել է խեղճ վարչապետին, դրա համար էլ պատերազմը տանուլ ենք տվել։ Հիմա՝ ի՞նչ են ասելու, էլի կանխատեսելի է։ Դատարան չունենք, արդարադատություն չկա, համակարգը նախկիններին է սպասարկում, քննիչներն էլ այնքան վատն են, որ մի կարգին քրեական գործ չեն կարողանում «կարել»։ Մի խոսքով՝ սաբոտաժ հօգուտ բոլոր նրանց, ովքեր նիկոլական չեն։ Հետաքրքիր է լինելու։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ