...

Մենք երեքով Դավիթ Տոնոյան ենք

Մենք երեքով Դավիթ Տոնոյան ենք

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Նրանք երեքն էլ երեկ ներկա են գտնվել դատական նիստին։ Միջնորդությունը դատարանը կքննի այսօր։ Իսկ երեկ արդեն նույն դատարանը որոշել է գործը դռնփակ ռեժիմով քննել։ Տոնոյանի փաստաբանները ի սկզբանե հայտարարել էին, որ իրենք պահանջելու են հրապարակային քննություն, մինչդեռ մեղադրող դատախազը պահանջել էր դռնփակ նիստերի ռեժիմ, քանի որ գործում առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ 

Վիլեն Գաբրիելյանն, ինչպես հայտնի է, Տոնոյանի հետ ազգակցական կապ ունի։ Նա բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր ու Դավիթ Տոնոյանի լուսանկարն ու գրել․ «Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս: Ծնունդդ Շնորհավո՜ր, միշտ՝ «եթե ​​քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես», սկզբունքով: Որովհետև արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»։

Իր հերթին Արամ Սարգսյանը հայտարարել է, որ պաշտպանության նախկին նախարարն ու նրա փաստաբանական թիմը վստահ կարող են հիմնավորել Դավիթ Տոնոյանի անմեղությունը։

ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը հեղափոխությունից հետո իր հեռախոսի էկրանին դրել էր այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նկարը: Երբ Aravot.am-ը պատգամավորին հարցրել էր՝ ինչո՞ւ է Տոնոյանի նկարը դրել, նա ինչ-որ սիմվո՞լ է իր համար, Քրիստինե Պողոսյանը պատասխանել էր. «Դավիթ Տոնոյանին համարում եմ շատ ուժեղ նախարար: Վստահաբար կարող եմ ասել, որ Վազգեն Սարգսյանից հետո մենք վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում, վստահաբար դա կարող եմ ասել, իրեն շատ հարգում եմ, ողջունում եմ բոլոր այն քայլերը, որ նա անում է, բարեփոխումները բանակի ոլորտում»:

Դեկտեմբերի 9-ին նույն լրագրողը Քրիստինե Պողոսյանին հարցրել էր՝ հիմա է՞լ է հեռախոսի վրա Տոնոյանի նկարը: Ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանը ցույց էր տվել հեռախոսը, Տոնոյանն այլևս չկար: Հարցրել էին՝ այսինքն, ձեր հերոսը փոխվե՞լ է, քրեական գործերից հետո՞ է փոխվել, Քրիստինե Պողոսյանը պատասխանել էր. «Ոչ, չի փոխվել, երբե՛ք: Երբ որ քրեական գործը կավարտվի՝ կտեսնեք»:

Այս պահին այս երեքն են հրապարակային աջակցություն հայտնել Դավիթ Տոնոյանին, որը Ամանորի տոներից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով․ «Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի և ոչ թե չարածի համար»։ 

Հավելենք նաև, որ ոչ խորհրդարանական ընդդիմության, ոչ իշխանության, ոչ արտախորհրդարանական ուժերի այլ ներկայացուցիչներ համապատասխան միջնորդությամբ հանդես չեն եկել։ Զարմանալիորեն, խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունն այս հարցում բնական դաշնակիցներ են՝ նրանք երկուսն էլ Դավիթ Տոնոյանին համարում են 44-օրյա պատերազմի հիմնական ճարտարապետներից մեկը։ Անշուշտ՝ տարբեր հիմնավորումներով։ 

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ