ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, թե Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու «իրավական վակուումի հարցը» կլուծվի օրենսդրական փոփոխությամբ։ Փոփոխության իմաստն էլ այն է, որ վարչապետը օրենքով իրավունք ստանա քաղաքապետի պաշտոնակատար նշանակել։
Պարզ ասած՝ եթե Հայաստանի ինչ-որ համայնքում ընտրությունների արդյունքները Նիկոլին «չեն դզում», ապա նա, իհարկե, կարող է sms-ներով հորդորել, որ հաղթած ուժի լիդերներին կալանավորեն, իսկ ահա իր ուզած որևէ պլանքյաշի համայնքապետ նշանակել չի կարող, որովհետև օրենքը թույլ չի տալիս։ Բայց ի՞նչ խնդիր կա, միշտ էլ կգտնվի որևէ խորհրդարանական ուսապարկ, որը դա կանվանի «իրավական վակուում» ու կառաջարկի փոխել օրենքը։ Եվ իսկապես, ո՞ւմ է պետք այն օրենքը, որը խանգարում է վարչապետին։
Միայն թե հանկարծ չտրտնջաք՝ իբր «բռնապետությունները հենց այսպես են ստեղծվում»։ Ու համեմատություններ չանեք, թե իբր «նույն տրամաբանությամբ՝ վաղն էլ հանկարծ կպարզվի, որ ՀՀ վարչապետն օրենքով այնքան էլ իրավունք չուներ պետբյուջեից ահռելի գումարներ հատկացնել սեփական բարեկեցության ապահովման համար, բայց որևէ պայմանական վլադիմիրվարդանյան դա կանվանի «իրավական վակուում» և կառաջարկի փոխել օրենքը և սահմանել, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշելու, թե պետբյուջեից որքան գումար պիտի հատկացվի իր ընտանեկան տոլմայի կամ տիկնոջ՝ կանաչ լոբի մաքրելու աշխատավարձի համար»։ Սրանք հեչ համեմատելու բաներ չեն։ Նիկոլ Փաշինյանը ինչ անում է՝ ժողովրդի համար է անում։ Ճիշտ է, ամեն անգամ «ժողովրդի համար» ասելով՝ շոյում է սեփական փորը, բայց նրա տիկինը, պատկերացրեք, միշտ հասցնում է այդ պահին թեքել «սելֆիի» տեսախցիկը։
Հ․ Գ․ Կարող եք չկասկածել․ եթե հանկարծ որևէ համապետական ընտրության արդյունքում Նիկոլ Փաշինյանը պարտվի և խոնարհաբար հայտարարի, թե կարող էր կեղծել ընտրությունների արդյունքները, բայց չի կեղծել, որովհետև խոստացել էր ավելի շուտ ինքն իր ձեռքը կտրել, քան ընտրություններ կեղծել, անմիջապես որևէ ՔՊ-ական «պրոֆեսիոնալ իրավաբան» կհայտարարի, թե դա «իրավական վակուում» է, և կառաջարկի փոխել օրենքն ու նոր օրենքով սահմանել, ըստ որի՝ պետք է կտրել բոլոր նրանց ձեռքերը, ովքեր Նիկոլին չեն ընտրել։