ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Սնուփ Դոգի համերգի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, ասել է. «Տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։
Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Այսինքն` քանի որ համերգը նախատեսված ժամանակում չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»:
«ՉԻ». Եղած-չեղած, մի հատիկ Սնուփ Դոգի համերգ պիտի կազմակերպեին: Մի տարի հպարտությամբ հայտարարում էին, թե հեսա Սնուփ Դոգին են բերելու, մի տարի հայտարարում էին, թե հեսա, ուր որ է Սնուփ Դոգը կգա, մի տարի էլ կհայտարարեն, թե հեսա Սնուփ Դոգը փողերը հետ կտա:
Աննախադեպ համերգ էր: Իսկը Նիկոլի համար՝ հպարտանալու առիթ: Չնայած, իրեն ի՞նչ կա, կարող է հայտարարել, թե Սնուփի հետ բանակցությունները նախկիններն են տապալել: Դեռ… 2004 թվին, օրինակ: Կամ 2016-ին:
Բայց այս իշխանությունները լավ խաբեցին ամերիկացի ռեփերին. փողը տվեցին, բայց համերգը չկայացավ: