...

Նիկոլի թվի երեխաները

Նիկոլի թվի երեխաները

«Մենք մեր երեխաներին չենք սովորեցնում ամենակարևոր բաներից մեկը՝ սխալվել ու հասկանալ, որ սխալվելը սովորելու ու ապրելու անբաժանելի մաս է, չվհատվել սխալներից, սովորել սխալներից, սխալից ճիշտը գտնելու մոտիվացիա ստանալ, սխալը մեր երեխաներին հենց այս պատճառով շատ հաճախ կոտրում է, որովհետև մենք՝ մեծերս էլ շատ հաճախ չգիտենք՝ ինչպես հասկանալ և ընդունել մեր սխալները»,- գրում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում։

Եվ թեպետ հասկանում ենք, որ տիկինը քաղաքական ենթատեքստ չի դրել իր գրառման տակ, բայց․․․

Բայց ակամա հիշում ենք Նիկոլ Փաշինյանի «սխալվելու վճռականության» մասին դատողությունները 2020 թ․ սեպտեմբերի 18-ին։ Ահա մի հատված դավաճան հռչակվելուց վախեցող վարչապետի նախապատերազմական գրառումից․

«Բայց մենք որոշեցինք գործել սխալը-սխալի հետևից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետև ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետև կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եվ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը»։

Իրոք, ակնհայտ է սխալի նկատմամբ մի տեսակ թիմային «անբացատրելի» հակումը։ Բայց վերադառնանք երեխաներին․

1․ Նախ երեխաներին պետք չէ «սխալվել» սովորեցնել։ Բոլորն են սխալական, այդ թվում՝ երեխաները։ 

2․ Երեխաները սխալներից հետևություններ կանեն, երբ տեսնեն, թե իրենց ծնողները, պապիկներն ու տատիկները, ուսուցիչները, հասարակության մեջ հեղինակություն ունեցող անհատները ինչպես են իրենց պահում սխալվելուց հետո։ Գուցե ծեծված արտահայտություն է, բայց ստիպված ենք կրկնել՝ երեխաները սովորում են մեր արարքներից։ Շատ լավ տեսնում են, թե մեր խոսքն ու գործը որքանով են համարժեք։

3․ Երեխաները, որոնք, անշուշտ, պարտավոր են մեծանալ (Գալուստ Սահակյանի ականջը կանչի), շատ լավ հասկանում են սխալները և, պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ տարբերակում են դրանք՝ ըստ կործանարարության։ Այսպես, բակում ֆուտբոլ խաղալիս թիմը պարտության տանող իրենց ընկերոջը ուղղակի հեռացնում են դաշտից։ 

4․ Իհարկե, որոշ մեծահասակներ չեն կարողանում հասկանալ և ընդունել սեփական սխալները։ Հոգեբանները պնդում են, որ սա մանկամտության (ինֆանտիլիզմ) համախտանիշ է։

Ազգերն էլ կարող են դարերով չհասկանալ իրենց սխալները, որովհետև դրանց վերնախավերը տառապում են մանկամտությամբ, որովհետև ղեկավարները պատասխանատվության նշույլ անգամ չունեն։ 

Այսպիսով, մեր մեծահասակները, անգամ փոխնախարարները չգիտեն ինչպես հասկանալ և ընդունել սխալները, որովհետև դա պատասխանատվություն է ծնում, և չափը կարող է տարբեր լինել։ Օրինակ՝ նկարիչը կարող է անհաջող նկարը պատռել, իսկ սխալված փոխնախարարը կամ վարչապետը քաղաքակիրթ երկրում գոնե հրաժարական է տալիս։ 

Իսկ ի՞նչ են անում Հայաստանում։ Ճիշտ եք, սխալվելու վճռականության մասին ստատուս են գրում, երկիրը նետում պատերազմի հորձանուտը և հանգիստ շարունակում են կառավարել։ 

Եվ վերջապես, ի՞նչ են սովորելու երեխաները սխալվելու վճռականությամբ երկիրը կործանողներից։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   679 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ