...

Պետությունը չշփոթել խոզաբուծարանի հետ

Պետությունը չշփոթել խոզաբուծարանի հետ

2020թ․ դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ է տեղի ունեցել։ 

2022 թ․ մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ է տեղի ունեցել։

Շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: 

Նիկոլ Փաշինյանի լեզվով ասած՝ սրանք են այն իրողությունները, որոնք արձանագրել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ նման իրավիճակում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը: Վերջինս հայտարարել է, թե անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել խաղաղապահների մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ:

Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով․ «Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է անել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում, ուստի հիմա չեմ կարող կռահել։ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից որևէ մեկը, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ, բայց մենք դրանք դեռ չենք տեսել» (News.am) ։

Նիկոլ Փաշինյանը նույն՝ ընդդիմադիր գործչի ոճի մեջ է, որի անելիքը մոտակա խոսափողին հասնելն ու բարձր ձայնով, առոգանությամբ մուննաթ գալն է։ Հենց դրա համար էլ անընդհատ անհարմար իրավիճակներում է հայտնվում։ Պատերազմի օրերին անընդհատ հայտարարում էին, թե ՀԱՊԿ-ին ենք դիմել, ռուսներն էլ օրումեջ հակադարձում էին, թե նման բան չի եղել։ Մի խոսքով 44 օր այդպես էլ համապատասխան ձևաթղթերը չլրացրեցին ու ինչպես կարգն էր չդիմեցին ՌԴ-ին։ Հիմա էլ խաղաղապահների մասով է նույն գործընթացի միջով անցնում։ Հայտարարում է, անցնում առաջ։ Ռուսներն էլ ասում են՝ բան չենք տեսել, չենք կարող կռահել, թե ինչի մասին է մտածում Փաշինյանը։ Երևի կարծում է, թե ռուսները ողջ օրը նստած իր ելույթներն են նայում, կամ էլ համապատասխան մարդիկ զեկուցում են, թե ինչ է խոսել Հայաստանի վարչապետը։ Անգամ եթե այդպես է, ընթացակարգ գոյություն ունի, առավել ևս նման իրավիճակում փաստեր են դեմ տալիս, առաջարկներ են բրդում առաջ, որ չտեսնելու կամ չլսելու շանս դիմացինին չթողնես։ Եվ այստեղ էական էլ չէ՝ դիմացինը քո ռազմավարական գործընկե՞րն է, թե՞ հակառակորդը։ Վերջին հաշվով պետության ղեկավարի, խմբագրի, ընդդիմադիր գործչի կամ, ասենք, խոզաբուծարանի շեֆի անելիքներն ու պարտականություններն էականորեն տարբեր են։ Մեկ մարդը կարող է ունենալ բոլոր նշված կարգավիճակները, բայց նրա գործառույթները չեն կարող նույնը մնալ։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ