...

Լավրովին չասեք ԺԵԿ-ի տեղեկանքի մասին

Լավրովին չասեք ԺԵԿ-ի տեղեկանքի մասին

Բա Իրա՞նը

Պահ, շաբաթն ավարտվում է, բայց Լավրովն իր հայտարարություններով դեռ շարունակում է ալեկոծել հայ հանրությանը, համացանցը, սոցցանցերը:

Ամենաշատը վառված, զայրացած են գործող և նախկին իշխանությունները: Հասկանալի է, Լավրովն ասել է, որ հազար անգամ Ղարաբաղի հարցը լուծելու առաջարկներ ենք արել, սաղ մերժել են: Ստացել են այն, ինչ ստացել են: 

7 շրջանների մասով են զայրացած, որ ասել է, թե դրանք Ադրբեջանինն են, որը վերադարձրել է իրեն: Հրանտ Բագրատյանն ասում է՝ հլը գոհ եղեք, որ 7 շրջան է ասել, ոչ թե 12: Կարելի է նաև այդպես: 

Բայց 7 շրջանի պահով որ այսպես ներկա-նախկինները վեր-վեր են թռնում, մոռացե՞լ են, թե 44-օրյա պատերազմից հետո ինչքան երկիր է շնորհավորել Ադրբեջանին տարածքային ամբողջականությունը վերականգնելու առթիվ: Այդ թվում՝ մեր հարևան Իրանը: Մեկը Իրանին բա՞ն է ասել: Կամ գոնե մի երկիր եղե՞լ է, որ հայտարարեր, թե այ Ալիև, էդ ի՞նչ ես անում, ինչի՞ ես այդ շրջանները գրավում: Չի եղել: 

Հիշեցնելու պահը եկել է

Բայց Սերգեյ Լավրովի հայտարարություններից ամենակարևորը, թերևս այն էր, որ ասաց, թե Հայաստանն է օկուպացրել այդ շրջանները: Բացի Թուրքիայից ու Պակիստանից, երևից ուրիշ այլ երկիր նման բան չէր ասել: 1994-ի ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերի համաձայն, 7 շրջանները գրավել էին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը կամ բանակը: Հայաստանը երբեք ագրեսոր չի ճանաչվել, չի մեղադրվել հարևան երկրի տարածքներ գրավելու մեջ:

Այսինքն՝ միջազգային-իրավական հարթության մեջ Հայաստանին ագրեսոր ճանաչելու համար պետք է ինչ-որ հիմքեր լինեն: 

Ընդդիմությունը, այսինքն՝ նախկին իշխանությունները, հայտարարում են, որ Լավրովն այդպես է ասել՝ հիմք ընդունելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, և որտեղ գրված է, թե Հայաստանը դուրս է բերում իր զորքերն այս ու այն շրջաններից: 

Մինչև իշխանությունները կմտածեն, թե սրան ինչ պատասխանեն, մի հատ պահ կա, որին կցանկանայինք անդրադառնալ: Սրա մասին ոնց որ թե ոչ ոք չի խոսել: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի ԺԵԿ-ի տեղեկանքի մասին է: 

Սա կարևոր է: Հիշեցնենք. Ռոբերտ Քոչարյանը 1998թ. ոչ բարով-խերով հեղաշրջումից հետո, որի 25-րդ տարելիցը, ի դեպ, փետրվարի 3-ին էր, նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք չուներ, քանի որ ՀՀ քաղաքացի չէր և վերջին 10 տարում էլ Հայաստանում չէր բնակվել: 

Բայց հետո հայտնվեց ԺԵԿ-ի տեղեկանք, ըստ որի՝ ինքը վերջին 10 տարիներին բնակվել է Հայաստանում: Ու նման տեղեկանքի հիմքը ո՞րն էր. 1989 թ. դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այսինքն՝ միջազգայնորեն չճանաչված որոշումը իրավական հիմք դարձրեցին: Ըստ այդ ԺԵԿ-ի տեղեկանքի՝ ստացվում էր, որ Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում: Եվ Հայաստանի Հանրապետության օրենքները, Սահմանադրությունը տարածվում են նաև Ղարաբաղի վրա: Այսինքն՝ զինված ուժերն էլ միայն Հայաստանի Հանրապետությանն են: Եթե ուզում եք իմանալ, Ղարաբաղը բանակցային գործընթացից հենց այդ պահից է դուրս մղվել, համաձայն այդ ԺԵԿ-ի տեղեկանքի: 

Հասկանո՞ւմ եք՝ ինչ ղալաթ են արել ժամանակին: Իշխանություն զավթելու համար ինչ են արել: Հիմա որ Լավրովը սրա մասին խոսի, ի՞նչ են ասելու քոչարյանականները: Մտածեք՝ ինչ պատասխանեք: Երկար մտածեք, որովհետև ինչ էլ ասեք, ի վնաս ձեզ է ստացվելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1228 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ